Մատչելիության հղումներ

Աբրահամյան․ «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը»


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայրենիք - Սփյուռք գործակցությունը Հայաստանի կառավարության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր մենք սփյուռքահային գործընկերություն ենք առաջարկում, պատրաստ ենք հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում ենք կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Հայաստանի կառավարությունը տալիս է դրա երաշխիքը», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Հայաստանը անբաժանելի է Սփյուռքից, և սփյուռքահայության խնդիրները մեր օրակարգային հարցերն են: Հայաստանի կառավարությունն այսօր իր կարողությունների սահմաններում անում է ամեն հնարավորը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Իրաքում ծանրագույն վիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշել է. - «Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է. հայ ազգի նկատմամբ կատարած ոճրագործությունը ոչ միայն հայության, այլև համամարդկային խնդիր է, և Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը մենք դիտում ենք որպես ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոց: Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելու են պատմական արդարությունը վերականգնելու համար»:

«Մեր նախնիների հիշատակը, կարծում եմ, պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորությունները Հայրենիքին ի սպաս դնելով: Հզոր Հայաստանով մենք ավելի կմոտեցնենք արդարության հաղթանակի պահը», - ասել է վարչապետը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված․ Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք, Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, նշել է Աբրահամյանը:

«Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքա­կանության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն նաև պատրաստ է պարտադրված պատերազմին ըստ արժանվույն հակահարված տալու, կանխելու թշնամու անգամ չնչին ոտնձգությունները՝ պաշտպանելով հայ ժողովրդին և Հայաստանի սահմանները», - հայտարարել է վարչապետը՝ հավելելով․ - «Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»:

Ամփոփելով խոսքը` վարչապետը, Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շեշտել է. - «Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով, ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG