Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵՏՄ-ին միանալը չի հակադրում ԵՄ հետ երկխոսությանը


Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացմամբ, ստորագրելով Եվրասիական միությանը միանալու պայմանագիր, Հայաստանն այն չի հակադրում ԵՄ հետ ունեցած երկխոսությանը և շարունակելու է այդ երկխոսությունը:

Նախագահն այսպիսի հայտարարություն արեց այսօր առավոտյան, երբ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ կարճ ելույթներ ունեցան լրագրողների առջև:

«[Եվրամիության հետ] մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր», - ընդգծեց Հայաստանի նախագահը: - «Ես նոր եմ վերադարձել Մինսկից, որտեղ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագիրը: Մենք կայացրել ենք այդ որոշումը մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով», - հավելեց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, ԵՏՄ-ին միանալու արդյունքում եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:

«Բայց կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը: Այս հարաբերություններում իրենց կարևոր տեղն ունեն եվրոպական երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները», - ընդգծեց Հայաստանի նախագահը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում միության անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ինչպես նաև Հայաստանի նախագահները ստորագրեցին ԵՏՄ պայմանագրին մեր երկրի միանալու մասին պայմանագիրը: Նախատեսվում է, որ չորս պետությունների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումից հետո Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:

Ըստ պայմանագրի, Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից:

XS
SM
MD
LG