Մատչելիության հղումներ

Հարթակում երեկ կողք-կողքի կանգնած մարդիկ ընդհանուր ճանապարհ չունեն գնալու, այսօր կարծիք հայտնեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում անցկացված բազմամամարդ ցույցին։

Իշխանափոխություն պահանջող ուժերը, ըստ իշխող Հանրապետականի, նախ ներքին հակասությունները հարթելու խնդիր ունեն.- «Թող ընդհանուր հայտարարի գան, թե ինչ են ուզում, երեքով որոշեն, մարդկանց ասելիք ունենք, որ մարդիկ էլ տեսնեն, որ սրանք համախմբված ուժեր են»,- ասաց Բաղդասարյանը։

Ուրբաթ օրվա հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, ասաց՝ Սերժ Սարգսյանը ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Տրամագծորեն հակառակ հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ քննադատելով այդ դաշինքի ընդդիմախոսներին։

«Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»,- ասել էր Տեր-Պետրոսյանը։

Ոչ իշխանական ուժերի երեկվա հանրահավաքում, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խոսեցին իշխանափոխության մասին, սակայն դրա իրականացման ուղիներին խոստացան անդրադառնալ առաջիկա հավաքին։ «Վարչախմբից այլևս սպասելիք չունենալով, այսուհետև մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել ևս վերջնագրեր չենք ներկայացնելու»,- հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ազատության» հարցին, արդյո՞ք հանրահավաքային դադարը իշխանությունների հետ հնարավոր բանակցություններն են, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացասական պատասխանեց.- «Մի ժամանակ վերջնագրերով էին խոսում, պահանջներ էին դնում, հիմա առաջարկում են, որ մենք առաջարկություն անենք իրենց։ Հիմա ինքը առաջարկությո՞ւն է ուզում, թե՞ իշխանափոխություն, ի՞նչ է ուզում»։

Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եռյակի ներսում առկա հակասությունների մասին հարցին ի պատասխան պնդեց՝ կան շեղումներ։ Հակոբյանն ասաց, որ մինչև հանրահավաքը երեք քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն է եղել չանդրադառնալ արտաքին քաղաքական հարցերին։

«Միասնական հարթակը այն տեղը չէր, որտեղ պետք էր դեբատներ ծավալել այդ բազամահազար մարդկանց մոտ քաղաքական շեշտադրումների հետ կապված։ Ընդհանրապես պետք է ասել, որ որոշ շեղումներ, խախտումներ եղան մեր պայմանավորվածությունների շրջանակում»,- ասաց նա։

Հակոբյանը չմանրամասնեց, թե ով է խախտել պայմանավորվածությունը՝ ասելով, որ առաջիկայում գործընկերների հետ կքննարկեն այդ հարցը։ Նկատենք, որ երեկվա հանրահավաքում արտաքին քաղաքականության մասին առաջինը խոսեց հենց «Ժառանգության» ղեկավարը, որին և հետևեց Տեր-Պետրոսյանը։

Ի դեպ, երեկ, ՀԱԿ առաջնորդը նաև հայտարարեց, որ եռյակը այսուհետև դարձյալ «հրաշալի քառյակ» է, քանի որ խորհրդարանական երեք խմբակցությունների հետ է Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, սակայն, պնդում է՝ եռյակը մնացել է եռյակ, ձևաչափը չի փոխվել, և որևէ քաղաքական ուժ իրենց չի միացել.- «Իհարկե, շարժումը պետք է ընդլայնվի, ավելի բազմաքաղաքական սպեկտրով ներկայանա, բայց առանց եռյակում քննարկելու, որևէ քաղաքական ուժ չի կարող մաս կազմել այս ձևաչափին։ Եվ էլի որոշ շեշտադրումներ եղան, որոնք չեն համընկնում մեր պայմանավորվածությունների։ Այդ հարցը առաջիկայում մենք մեր գործընկերների հետ կքննարկենք»։

Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրաժարվեց այս հարցերին պատասխանել՝ ասելով, որ կարձագանքեն հետհանրահավաքային հանգստից հետո։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG