Մատչելիության հղումներ

Տարեդարձը նշող Երևանում պատմական կառույցները անտարբերության են մատնված


Տարեդարձը նշող Երևանում պատմական կառույցները անտարբերության են մատնված
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Երևանի իշխանություններն ամեն տարի միլիոնավոր դրամներ են ծախսում շուրջ 3 հազարամյա Էրեբունի-Երևանի տարեդարձը նշելու համար՝ շարունակելով, սակայն, անտարբերության մատնել ու քանդել մայրաքաղաքի պատմության մասին վկայող կառույցներն ու հուշարձանները։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ցավով է խոսում այս մասին.- «Պապական ասացվածքներ կան, որ ժողովրդին պետք է հաց և զվարճանք։ Հին Երևանը ոչ հաց է տալիս ժողովրդին, ոչ զվարճանք։ Այստեղ մի օր է պետք, որ բոլորին հավաքես, երգեն, պարեն ու մոռանան»։

Այս տարի շուրջ 200 միլիոն դրամ՝ կես միլիոն դոլար կծախսվի երկօրյա տոնակատարությունների համար։ Մինչդեռ պատմական Երևանից մնացած վերջին բեկորները մեկ տեղում հավաքելու ծրագիրը՝ «Հին Երևանը», տարիներ շարունակ կյանքի չի կոչվում գումարի բացակայության պատճառով։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անցած ամառ վստահեցրել էր, թե ծրագիրն անպայման իրականություն կդառնա։

Թե որտեղից և երբ կգտնեն իշխանությունները «Հին Երևանի» համար անհրաժեշտ 120-150 միլիոն դոլարը, առայժմ հստակ չէ։ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, մինչդեռ, վստահ է՝ եթե անգամ այդ ծրագիրը մի օր իրականություն դառնա, արդյունքը աբսուրդի կնմանվի։

«Այդ ծրագիրը այս ապօրինությունների խրախուսման բանալիներից մեկն։ Երբ պետք է լինում որևէ հին կառույց քանդել և ժողովուրդը ընդվզում է, այդ «Հին Երևանը» են մեջբերում՝ կքանդենք, կտեղափոխենք էնտեղ և կամբողջացնենք հին Երևանը»։

Մայրաքաղաքի երեք հազարամյա տոնը նշող իշխանությունները այս տարի էլ են մոռացել հնամենի վկայություններից մեկի՝ կենտրոնից ոչ հեռու Շենգավիթում գտնվող արգելոցի մասին, որտեղ, ըստ պատմաբանների, դեռ 6000 տարի առաջ բնակվել են մեր նախնիները։ Արգելոցի ղեկավար էմմա Ֆահրադյանը հպարտությամբ է նշում՝ տարածքն ավելի հին է, քան մայրաքաղաք Երևանը։ Վստահ է՝ այլ երկրում այն աչքի լույսի պես կպահեին ու ցույց կտային զբոսաշրջիկներին։ Մեզ մոտ, ցավով է նշում, իրենց դուռը տարիներով չեն բացում։

«Երևանցիները հիմնականում արգելոցի տեղը չգիտեն»,- ասում է Ֆահրադյանը.- «Նույնիսկ Երևանի քարտեզի վրա այս բնակատեղին՝ որպես արգելոց-թանգարան նշված չէ»։

Ֆահրադյանը ցույց է տալիս արդեն քանդվող քարերը, նշում, որ անձրևներից հնագիտական շերտերը վերանում են ու վտանգ կա, որ հետագայում պեղման համար կդառնան այլևս ոչ պիտանի։

Հնագետ Արա Պետրոսյանը պարբերաբար զբոսաշրջիկների է հյուրընկալում Երևանում, ասում է՝ հնադարյա պատմությունից ցույց տալու քիչ բան է մնացել, եղածն էլ վերանում է անտարբերությունից։

«Կարելի էր այս մի քանի տասնյակ շինություններից մի քանիսը վերականգնել, շատ մեծ գումարների մասին չէ խոսքը, պահպանել այդ ամեն ինչը, թեկուզ ապակե ծածկի տակ առնել, որպեսզի անձրևը այդ կավե շինվածքը չլվանա, տանի։ Կարելի էր ցուցադրել որպես ամենահին բնակատեղի Երևանի վարչական տարածքում»,- ասաց Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG