Մատչելիության հղումներ

Գորիսի նախկին քաղաքապետը «ցնցող ապացույցներ» է խոստանում Սուրիկ Խաչատրյանի դեմ


Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանն այսօր մերժեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բացարկի միջնորդությունը:

Սամվել Հարությունյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սյունիքի մարզպետ Սամվել Խաչատրյանը, պնդելով, որ նախկին քաղաքապետը զրպարտել է իրեն:

Հարությունյանն էլ, իր հերթին, բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, պնդելով, որ Անի Մխիթարյանը Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած հայցի քննության գործով կողմնակալ է, թույլ է տվել ապօրինություններ, «կանաչ ճանապարհ է բացել զազրելի հանցանքների համար նախկինում դատապարտված, կալանավայրերում տարիների պատիժ կրած, բազում հանցանքների համար, ցավոք, դեռևս չդատապարտված Սուրիկ Խաչատրյանի առջև»:

Սուրիկ Խաչատրյանը դատարանից պահանջել էր Գորիսի նախկին քաղաքապետից բռնագանձել 1․5 միլիոն դրամ: Մարզպետի համար դատական հայց ներկայացնելու հիմք են հանդիսացել Սամվել Հարությունյանի հայտարարությունները, մասնավորապես, Խաչատրյանի՝ անցյալին վերաբերող հոդվածը՝ «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերնագրով։

Դատավոր Անի Մխիթարյանի այսօրվա որոշումից հետո էլ Սամվել Հարությունյանը պնդեց, որ դատավորը կողմնակալ է, նա նաև վստահեցրեց․ - «Ես համոզված եմ, որ շատ տխուր վիճակի մեջ է կանգնելու թե՛ հայցադիմումի հեղինակ Սուրիկ Խաչատրյանը՝ տխրահռչակ Լիսկան, թե՛ նրան օգնության հասած իր նախկին երկու զոհերը՝ նախկին սիրուհի Արևիկ Միրզոյանը և Գորիս քաղաքի այն ժամանակվա երիտասարդ բնակիչ Անուշավան Առուշանյանը, որոնց վրա կրակել և փաստորեն սպանության փորձ է կատարել: Այդ մասին հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, հայտարարություններ»:

Ըստ Սամվել Հարությունյանի, առաջիկայում այս գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ - «Առաջիկայում իմ կողմից դատական նիստերի ընթացքում հրապարակվելու են ցնցող ապացույցներ, որ հենց Սուրիկ Խաչատրյանն է ոչ միայն կրակել և հրազենային ծանր վնասվածքներ պատճառել 92 թվականի դեկտեմբերի 26-ին Արևիկ Միրզոյանին, 96 թվականի փետրվարի 16-ին՝ Անուշավան Առուշանյանին, և այլն, այլ փաստերով նաև շարունակելու եմ ներկայացնել ապացույցներ, որ նա հարյուրավոր հանցանքների հեղինակ է և հնարավորինս շուտ իրեն պաշտպանողների, իր կամայականությունների առաջ կուչ եկած իրավապահների, մանավանդ իրավապահ համակարգի ղեկավարների հետ միասին կանգնելու է հայոց ահեղ ու արդար դատաստանի առաջ»:

Ոչ Սուրիկ Խաչատրյանը, ոչ նրա փաստաբանն այս գործով դատարան չեն ներկայանում վերջին դատական նիստերի ժամանակ:

Օմբուդսմենը՝ ընդդեմ դատավորների

Ի պատասխան իր դիմումի՝ Սամվել Հարությունյանն այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից ստացել է գրություն, որի համաձայն Օմբուդսմենը Գորիսի նախկին քաղաքապետի հայցադիմումները քննած ու քննող 5 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահին:

Բացարկի միջնորդությունն այսօր մերժած և նախկին քաղաքապետի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի օգտին դատ ապահովող դատավոր Անի Մխիթարյանից բացի կարգապահական վարույթ հարուցելու պահանջով Օմբուդսմենի ներկայացրած հաղորդման մեջ նշված են առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությանն դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի և Վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյանի անունները:

Գորիսի նախկին քաղաքապետն այս դատավորների անունները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին էր փոխանցել իր հայցադիմումների մերժումներից հետո:

Նախկին քաղաքապետը նախ Գլխավոր դատախազին ու Հատուկ քննչական ծառայությանն էր խնդրել քրեական գործ հարուցել մամուլում հրապարակված մի շարք նյութերով նկարագրված՝ նախորդ տարիներին Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Ապա, երբ քննչական մարմինները մերժել են Սամվել Հարությունյանի դիմումները, նա քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը վիճարկել էր դատական ատյաններում: Գորիսի նախկին քաղաքապետը դատարաններից պահանջել էր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու որոշումները:

XS
SM
MD
LG