Մատչելիության հղումներ

5 տարի առաջ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները


Այսօր փորձագետներն այդ արձանագրությունները համարում են «դարն ապրած» փաստաթուղթ, որն արդեն վերակենդանացնել չի լինի։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը անցած հինգ տարիների ձախողման մեղավոր է համարում Թուրքիային՝ պնդելով, թե Հայաստանն արեց հնարավորը, որ բարելավի հարաբերությունները հարևանի հետ։

«Սկզբում Թուրքիան թերագնահատեց Ադրբեջանի կարևորությունը, հետագայում՝ գերագնահատեց», - ասում է փորձագետն ու նշում, որ այդ արձանագրությունները իրականում «սխալ ընտրված գործիք» էին և չէին կարող ծառայել հարաբերությունների կարգավորմանը։

Այդուամենայնիվ, վերլուծելով անցած հինգ տարիները՝ Կիրակոսյանը կարծիք է հայտնում, թե հաղթող դուրս եկավ Հայաստանը։ Պարզապես նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած վերջին հայտարարությունն էր սխալ, երբ նա խոսեց ստորագրության հետ կանչման մասին․ - «Չնայած վերջերս կայացած հայտարարություններին, ինչպես նաև նախագահի կողմից ընտրված հստակ ուղերձին, ես չեմ կարծում, որ դա կլինի խելացի քայլ, ընդհանրապես իրատեսական չի լինի, եթե հետ կանչեն այդ արձանագրությունները»։

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հայաստանի համար տապալված այս արձանագրությունները համարում է դաս, որից պետք է եզրահանգումներ անել ու շարունակել աշխատել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ուղղությամբ․ - «Եվ պետք է մենք սպասենք, որ Թուրքիան գուցե հասկանա, որ իր քաղաքականությունը սխալ է, որ դա օգուտ չի բերում իրեն և փոխի այդ քաղաքականությունը: Այդ փոխելու արդյունքը, իմ կարծիքով, պետք է լինի Թուրքիայի կողմից հայտարարությունը, որ նա պատրաստ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց որևէ արձանագրության, և պատրաստ է Հայաստանի հետ ունենալ նորմալ սահմանային ռեժիմ»:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շեմին անհայտ է ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների, այլև Հայաստանի նախագահի կողմից թուրք գործընկերոջն ուղարկված հրավերի ճակատագիրը։ Մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը Ռեջեփ Էրդողաղին հրավիրեց հաջորդ տարվա ապրիլի 24-ին Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի 100-ամյակի ոգեկոչմանը։

Փորձագետները չեն բացառում, որ այդ հրավերն ընդունվի թուրքական կողմից։ Թուրքիայի հայկական շրջանակներում ևս տեսակետ կա, որ թուրքական դիվանագիտության վարպետ Էրդողանը գուցեև ընդունի հրավերը։

«Ակոս» թերթի խմբագիրներից Բագրատ Էստուկյանը նշում է սակայն, որ թուրքական մամուլն այսօր անգամ չի էլ անդրադարձել ցյուրիխյան արձանագրությունների հնգամյակին․ - «Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկայիս օրակարգում այդ հարցը հետին պլանում է»:

XS
SM
MD
LG