Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին այսօր կմեկնի Կահիրե` նվիրատուների խորհրդաժողովի մասնակցելու համար։ Խորհրդաժողովի նպատակն է վերակառուցել Համասի և Իսրայելի միջև 50 օր տևած կռիվների հետևանքով ավերված Գազայի գոտին։

Պաղեստինցի պաշտոնյաների համաձայն, Գազայի գոտու վերակառուցումը կպահանջի ավելի քան 7 միլիարդ դոլար, քանի որ կռիվներն այնտեղ ավերել են այդ շրջանի միակ էլեկտրակայանն ու ավելի քան 15 հազար տներ։ «Համաս» կազմակերպությունն ու Իսրայելը քիչ բան են կատարել հաստատված հրադադարից հետո։ Նվիրատուները թերևս չցանկանան վերանորոգել տարածաշրջանը, որը կարող է դարձյալ հարձակումների ենթարկվել։

ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին ասում է, որ արտգործնախարար Ջոն Քերրին շարունակում է հետամուտ է լինել «երկու պետություն» կարգավիճակի բանակցություններին։

«Ես ակնկալում եմ, որ արտգործնախարարն իր այցելության շրջանակներում կխորհրդակցի այդ հնարավորության մասին։ Սակայն, կողմերը այդ հարցի վրա չեն կենտրոնանալու, քանի որ քննարկումները կպահանջեն բանակցող կողմերի վերականգնում»,- ասել է Ջեն Պսակին։

Հրադադարից ի վեր Իսրայելի և «Համաս»-ի ներկայացուցիչների դիրքորոշումները կարծրացել են, իսկ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում ընդլայնել Պաղեստինի ճանաչումը։

«Պետք է վերջ դնել գրավմանը և ազատ արձակել մարդկանց։ Պաղեստինի պետության անկախության ժամը մոտեցել է»,- ասել է նախագահ Աբասը։

Իսրայելի համաձայն, պաղեստինյան կոալիցիոն կառավարությունը ամրապնդում է «Համաս»-ին աջակցող Իրանի դիրքերը։ Դա տեղի է ունենում մի ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարում է, որ բազմաթիվ արաբ ղեկավարներ կիսում են անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները։

«Իսրայելը որպես թշնամի նկատելուց տասնամյակներ անց, արաբական աշխարհը աստիճանաբար ընդունում է, որ մենք բոլորս կանգնած ենք միևնույն վտանգների առջև։ Այն է՝ միջուկային զենքերով Իրան և սուննիների՝ աշխարհում գնալով հզորացող իսլամական շարժում»,- ասել է վարչապետ Նեթանյահուն։

Ամերիկյան համալսարանի դասախոս Ակբար Ահմեդի կարծիքով, Իրանը Գազայի գոտու հակամարտությունը օգտագործել է «Համաս»-ի հետ կապերն ամրապնդելու նպատակով։

«Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի նման երկրները աշխարհաքաղաքական նպատակներով չեն աջակցել պաղեստինցիներին, ինչը նոր հնարավորություն է ստեղծել Իրանի համար»,- ասել է պրոֆեսոր Ահմեդը։

Միացյալ նահանգների Խաղաղության հաստատությունից Ստիվ Հեյդեմանի կարծիքով, «Համաս»-ն այլևս Կահիրեի կառավարության աջակցությունը չի վայելում։

«Համասը «Մահմեդական Եղբայություն» կազմակերպության շառավիղներից է և Եգիպտոսում ճնշման է ենթարկվում»,- ասել է նա։

Իսրայելն այժմ համաձայնել է Գազայի գոտում մատակարարումների ընդունման ընթացակարգերի շուրջ։ Միացյալ Նահանգների պաշտոնյաները հուսով են, որ Իսրայելը շինանյութերով կօգնի Գազայի գոտու վերանորոգման ջանքերին։ Այդուհանդերձ, նախագահ Օբաման առայժմ խուսափում է օգնության այդ ջանքերը հրադադարի հարատևման առաջընթացին կապելու հայտարարություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG