Մատչելիության հղումներ

Առաջին անգամ 1981 թվականին անվանի հայագետներ Մայքլ Սթոունի և Յոս Վայթենբարգի նախաձեռնությամբ հիմնադրված և ավելի քան 20 երկներից 400 հայագետների միավորող Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության համաժողովն անցկացվում է Հայաստանում:

Հոկտեմբերի 9-ին մեկնարկած համաժողովի 3 օրերի ընթացքում կընթերցվի հայագիտական ամենատարբեր խնդիրներին վերաբերող 70 զեկուցում:

Ընկերակցության քարտուղար, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո վան Լինթը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 25 տարի առաջ՝ ժամանակակից հայերենը սովորելու, իսկ հետո արդեն ամբողջ կյանքը նվիրել է հայագիտությանը:

«Մենք ինչպես միշտ շատ նյութ ունենք քննարկելու: Հայագիտությունը զարգացվում է: Երիտասարդներ կան, ինչը շատ կարևոր է: Չեմ կարծում, որ հետաքրքրության պակաս կլինի», - ասաց նա:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ու ՀՈՒՄԸ-ի ներկայիս նախագահ Վալենտինա Կալցոլարին «Ազատության» հետ զրույցում շեշտեցին, որ այս ընկերակցության ներկա՝ 13-րդ համաժողովն իսկապես պատմական է, քանի որ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

Հարցին, թե ինչու մինչև հիմա Հայաստանում ընկերակցություն համաժողովները չեն անցկացվել, Հրաչյա Թամրազյանը պատասխանեց․ - «Տեխնիկական են եղել պատճառները: Որովհետև վերջապես պետք է Մատենադարանը վերակերտվե՞ր, որ գային Հայաստանում անցկացնեին»:

Անվանի հայագետ Ռիչարդ Հովհաննիսյանը (ԱՄՆ) «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այս համաժողովի ընթացքում շատ ակտիվ են աշխատում հատկապես պատմության, գրականության և արվեստի բաժանմունքները: Նա ուրախալի համարեց այն, որ մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում արտասահմանցի հայագետները:

Հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի հայագիտությունը զարգանա, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Մեր հաստատությունները արտասահմանի և Հայաստանի մեջ, հատկապես իշխանությունները պետք է հասկանան, որ հայագիտությունը չի կարելի երեսի վրա թողնել․․․ Դա մեծ կորուստ է․ եթե մենք մեկ սերունդ կորցնենք, կնշանակե, որ տարիներ պետք է աշխատենք, որ հետ բերենք: Մենք գիտենք, որ հետսովետական տարիներին այստեղ բավական նահանջ եղավ: Ուրախ եմ ասելու, որ այս գիտաժողովի ընթացքին հույսեր ներշնչվեցին ինձ, քանի որ տեսա քանի-քանի երիտասարդ Հայաստանի գիտնականներ, որոնք լրջորեն իրենց նյութը կներկայացնեն՝ իմանալով արաբերեն, թրքերեն, ռուսերեն, զանազան լեզուներ․․․ Բայց առանց նյութական օժանդակության և՛ արտասահմանում, և՛ այստեղ սահմանափակ պետք է լինի այդ զարգացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG