Մատչելիության հղումներ

Երևան տանող ավտոճանապարհները հիմնականում բաց են


Ի զարմանս վարոդների՝ մարզերից դեպի Երևան ավտոճանապարհները բաց են:

Վաղ առավոտից ոչ իշխանական կուսակցությունները սոցիալական ցանցերում տեղեկացնում են, որ խոչընդոտվում են մարզերից եկող երթուղայինների ազատ երթևեկությունը:

ԲՀԿ խմբակցության տարածած տեղեկատվության համաձայն՝ աշտարակցիների մեքենաները կանգնեցնում են պետավտոտեսուչները և ճշտում, թե ո՞ւր և ինչի՞ համար են գնում:

Մայրաքաղաքի մի քանի ավտոկայաններում, որտեղ հիմնականում կայանում են մարզերից եկող երթուղայինները, գյումրեցի ուղևորներն ու տաքսու վարորդներն ասացին, որ ճանապարհներին որևէ խոչընդոտի չեն հանդիպել, և հենց դա համարում են առնվազն տարօրինակ:

«Զարմանալի ա՝ խի՞ ա ճանապարհը բաց, ո՞նց իշխանությունը չի փակել, որովհետև միշտ փակում են», - ասաց վարորդներից մեկը:

Սովորաբար նախորդ հանրահավաքների ժամանակ մարզերից մայրաքաղաք եկող երթուղայինները արհեստական խոչընդոտների էին հանդիպում: Փաստ էր, սակայն, որ մասնավորապես երկաթուղային կայարանի մերձակա տարածքում, որտեղ կայանում են մարզային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, այսօր դրանց թիվն անհամեմատ ավելի քիչ էր:

Առավել ակտիվ էին հիմնականում Երևանից գնացող երթուղայինները, քան եկողները: Չնկարահանվելու պայմանով Քաղցրաշենի բնակիչներից մեկն ասաց, որ իրենց գյուղից թույլ չեն տալիս, որպեսզի միկրոավտոբուսները հասնեն մայրաքաղաք: Մյուս մարզերից եկողները խնդիրների չէին հանդիպել:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր թեժ գծի հեռախոսահամարը՝ կոչ անելով, որ մարզերից եկող երթուղայինների խոչընդոտների դեպքում զանգահարեն իրենց: Թեժ գծի պատասխանատուներն «Ազատությանը» փոխանցեցին, որ Աբովյանից Երևան եկող երթուղայիններն են առավել պասիվ աշխատում, և, որ իրենց ահազանգից հետո վերականգնվել է նաև Բյուրեղավան-Երևան երթուղայինների աշխատանքը:

Ավտոկայաններում հաճախակի էին նկատվում նաև պետավտոտեսչության մեքենաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG