Մատչելիության հղումներ

Բնապահպաններն ահազանգում են՝ տարեվերջին Սևանի մակարդակը զգալիորեն կնվազի


Բնապահպանների կանխատեսումներով, այս տարվա վերջին Սևանա լճում կգրանցվի զգալի բացասական հաշվեկշիռ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության տվյալներով, 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ջրի մակարդակը կնվազի 9 -12.5 սանտիմետրով:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հաշվի առնելով, որ լճից օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր ջրի փոխարեն, այս տարի բաց թողնվեց 270 միլիոն խորանարդ մետր ջուր, ապա ջրի մակարդակը վերը նշված ցուցանիշից կարող է կրկնակի նվազել:

«Սա արդեն շատ վտանգավոր է Սևանա լճի համար, քանի որ մենք ունենք գիտական եզրակացություն, որի վրա հիմնվել է Սևանի մասին օրենքը, որ «Սևանում բացասական բալանս ընդհանրապես չի կարելի թույլ տալ։ Կառավարման պահով ոչ մի քայլ չի արվում, որ այդ բացասական բալանսից մենք դուրս գանք, գնանք դեպի դրական բալանս, ընդհակառակը, մենք ունենք շատ վատ տենդենց», - ասաց Զարաֆյանը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը, ով հավելյալ ջրառի դեմ պայքարող ակտիվիստներից է, նշում է, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը մի քանի տարուց կարող է ճահճի վերածվել՝ ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանքով: Ճահճացման գործընթացն, ըստ Ադամյանի, որոշ ափերում արդեն իսկ նկատելի է:

«Եթե ուշադիր լինեք, էդ ափերը ամբողջը ճահիճ են դարձել. էն ամբողջ բուսականությունը, էն տարածքները, որ մնացել են ջրի տակ, նեխման, փտման պրոցես է այնտեղ սկսվում։ Փաստի առաջ ենք կանգնելու, պետք փրկել էդ լիճը», - ասաց Ադամյանը։

«Սևան-Հրազդան» ջրառ ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հենց իրենք են դիմել Կառավարությանը՝ 170 միլիոն խորանարդ մետր ջրի փոխարեն 270 միլիոն խորանարդ մետր ջուր Սևանից բաց թողնելու առաջարկով, քանի որ ոռոգման ջուրը բավարար չի եղել, ջրամբարները կիսով չափ դատարկ են մնացել:

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե հավելյալ ջրառ չիրականացվեր, Արարատյան դաշտն առանց ջուր կմնար։ Ընկերության ղեկավարը հավելում է, թե ջրառի ծավալի ավելացման շնորհիվ, այժմ Արարատյան դաշտի բոլոր գյուղերը ջուր ունեն:

«Արարատյան դաշտում, կոնկրետ իմ սպասարկման տարածքում, բացառված է, որ ջուր չհասնի։ Դա կարող է լինել նախալեռնային գոտում, այլ տեղերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Արարատյան դաշտավայրի բազմաթիվ բնակիչներ, մինչդեռ, հակառակն են պնդում:

Նրանք Սևանից հավելյալ ջրառի արդյունքն այդպես էլ չեն տեսել, թեև նախատեսված ողջ ծավալով արդեն իրականացվել է: Գյուղացիներն ասում են, որ դաշտավայրը այժմ էլ չորանում է:

«Արարատյան դաշտում մի շաբաթ ջուր չեղավ՝ ամբողջ բուսականությունը չորանում է, ջուրը որ չեղավ ի՞նչ ցանենք, թողենք ամայի՞», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը ևս տարակուսում է՝ ո՞ւր է գնում Սևանի և գյուղացու համար այդքան կարևոր ջուրը: Ադամյանը օրեր առաջ է շրջել Արարատի, այսպես ասած՝ շահառու գյուղերում և բնակիչներից միայն դժգոհություններ է լսել:

«Այնտեղ մարդիկ ասում են՝ մենք էդ տարբերությունը չենք զգում՝ ո՞ւր ա գնում էդ ջուրը, ո՞վ ա ստեղ ջուր տեսել, շաբաթը մի անգամ ջուր են տալիս, մաքսիմում՝ երկու անգամ՝ ժամով էն էլ, և լուրջ խնդիր կա ջրի», - ասաց Ադամյանը։

Բնապահպանները մտավախություն ունեն, որ հաջորդ տարի շատ ավելի մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Սևանից: Այդ թիվն անգամ, ըստ նրանց, կարող է հասնել 300 միլիոն խորանարդ մետրի։:

«Ազատության» հետ զրույցում նման հեռանկարը չբացառեց նաև «Սևան-Հրազդան» ջրառ ընկերության ղեկավարը. - «Ես չեմ կարող ասել, դա կախված է տեղումներից, հալման ընթացքից և այլն»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG