Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ Համագործակցության նպատակը պետք է լինի խաղաղության և կայունության ապահովումը


Բելառուս - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ-ի գագաթնաժողովում, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Բելառուս - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ-ի գագաթնաժողովում, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստանի նախագահը ԱՊՀ-ի Մինսկի գագաթնաժողովում խոսել է Հայոց ցեղասպանության, Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման մասին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր Մինսկում ելույթ ունենալով ԱՊՀ-ի գագաթնաժողովում, նիստի օրակարգի հարցերից հատկապես առանձնացրել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ԱՊՀ-ի երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված ուղերձը:

«Քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմների արյունալի դասերը, ինչպես և մեր ժողովուրդների հերոսության դասերը, պետք է տպավորվեն ապագա սերունդների հիշողության մեջ», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Այդ առիթով նախատեսված միջոցառումները պետք է ընդգծեն մեր երկրների համար այնպիսի հարցերի առաջնահերթությունը, ինչպիսիք են հակադարձումը պատմության ռևիզիոնիզմի և նացիզմի հերոսացման փորձերին, ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը, երիտասարդության դաստիարակությունը հանդուրժողականության, ազգամիջյան և միջդավանական համերաշխության ոգով»:

«Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական և էթնիկ անհանդուրժողականությունը: Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Սարգսյանը:

«Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսևորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց Նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր Արևելքի քրիստոնեական, եզդիական և այլ համայնքները, չեն կարող արդարացվել և չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաև՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը», - ասել է Հայաստանի նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության և կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG