Մատչելիության հղումներ

Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը «եռյակում երբևէ չի քննարկվել»


Արամ Մանուկյանը Ազատություն TV-ի տաղավարում, 9-ը հոկտեմբերի 2014թ․

Արամ Մանուկյանը Ազատություն TV-ի տաղավարում, 9-ը հոկտեմբերի 2014թ․

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ «այդպիսի հարց օրակարգում չի եղել, չկա»:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակը, իսկ այնուհետև նաև եռյակը երբևէ չեն քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը, այսօր Ազատություն TV-ի եթերում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել», - մասնավորապես, ասաց Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էին արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու որոշմանը:

Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ երեք ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունքում պարզվի, որ նրանց՝ նախագահի միասնական թեկնածուն կարող է Գագիկ Ծառուկյանը լինել, Մանուկյանը կրկին արձագանքեց, որ «այդպիսի հարց օրակարգում չի եղել, չկա»:

«Այդպիսի հարց քառյակում կամ եռյակում բացարձակ երբևէ չի քննարկվել», - ընդգծեց Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ վաղվա, ինչպես նաև մարզային հանրահավաքներով պատրաստվում են արտահերթ ընտրությունների․ - «Վիճակը այնքան լարված է, ցուցանիշները այնքան տագնապեցնող են, արտագաղթը այնքան ահագնացող է, որ շատ լուրջ մարտահրավերներ կան Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող, և քաղաքական ուժերը հենց այդ ելման կետից է, որ այս գործընթացն են սկսել»:

«Վաղը շատ ավելի հստակ հայտարարություններ կլինեն, դա նաև կախված կլինի մարդկանց քանակից, էներգետիկայից, պահանջներից: Ըստ այդմ, հանրահավաքի վերջում, կարծում եմ, կլինեն լիդերների ելույթներ, որոնք էլ, հաշվի առնելով այս ամենը, հայտարարություններ կանեն և նաև ծրագիր կհրապարակեն առաջիկայի հետ կապված», - ասաց պատգամավորը:

Արամ Մանուկյանի խոսքով՝ վաղվա հանրահավաքը արտաքին վեկտորներին ուղղված չէ. - «Եռյակի քաղաքական որոշումն է՝ արտաքին վեկտորներ, արտաքին քաղաքական գործընթացներ վաղվա հանրահավաքում չենք քննարկելու: Շատ ավելի ուժեղ, դոմինանտ խնդրի առկայության պատճառով, այն է՝ Հայաստանի ներքին անվտանգությունը և ընդհանրապես գոյությունը, արտագաղթի այս պայմաններում, վտանգված է, և մեր խնդիրն է կասեցնել այս գործընթացը: Այդ առումով է, որ արտաքին մարտահրավերները գոնե այս հանրահավաքում քննարկման նյութ չեն լինելու: Այս շարժումը ոչ հակառուսական է, ոչ հակաեվրոպական է, ոչ պրո-ամերիկյան է: Սա Հայաստանի ներքին խնդիրների լուծման համար շարժում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG