Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն վստահ է՝ Ծառուկյանը խոսել է 2018-ի նախագահական ընտրության մասին


Իշխող Հանրապետականում վստահ են, որ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը վերաբերում է 2018 թվականի նախագահական ընտրություններին:

Խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը նկատի չի ունեցել արտահերթ ընտրությունները։

«Բայց ո՞վ է արգելում Գագիկ Ծառուկյանին կամ մի ուրիշ քաղաքացու, որ առաջադրվի։ Դուք էլ կարող եք առաջադրվել, ես էլ, մյուսներ։ Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը խոսի արտահերթ ընտրությունների մասին։ Ես գնահատում եմ Գագիկ Ծառուկյանին և գիտեմ, որ նա խոսում է հերթական ընտրությունների մասին։ Ճշտեք դա, ես չեմ կարծում, որ ինքը նման սխալ թույլ կտա, նման արտահայտություն կանի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստան»-ի առաջին դեմքերը մարզային հանրահավաքներում իշխանափոխության մասին են խոսում, Բաղդասարյանն արձագանքեց, թե այսպես, թե այնպես Սերժ Սարգսյանը 2018-ին թողնելու է նախագահի պաշտոնը։

«Բայց իշխանափոխություն ինքնըստինքյան պետք է լինի, նախագահի ժամկետը լրանում է, այսինքն այդ նախագահը չի կարող նորից ընտրվել։ Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, այսինքն ո՞ր իշխանության մասին է խոսքը։ Եթե խոսում են նախագահի մասին, բա 2018 թվականին նախագահը պետք է փոխվի։ Որ իշխանափոխության մասին եք դուք խոսում, ընդհանրապես բոլորի՞՝ Ազգային ժողովի, կառավարության, նախագահի, եռյակ թող կոնկրետ ասի՝ ինչ է ուզում։ Իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում։ Այսինքն Ձեր նշած անձնավորությունը իր թեկնածությունը առաջադրո՞ւմ է 2018 թվականի համար, որ իր սահմանադրական իրավունքն է։ Դա նորմալ եմ համարում»,- ասաց Բաղդասարյանը։

Ավելին՝ Հանրապետական խմբակցության ղեկավարը կարծում է, որ վաղվա հանրահավաքն ընդամենը սահմանադրական բարեփոխումները քննարկելու համար է.- «Որոշ քաղաքական ուժեր ուզում են վաղվա հանրահավաքից օգտվել, այսինքն 3-4 հոգանոց կուսակցության անդամները մասսա են տեսել և ցանկանում են այդտեղ իրենց բողոքները արտահայտել, և բնականաբար, բոլորը իշխանություն են ուզում։ Ասում են՝

մենք առանց ընտրությունների ուզում ենք իշխանություն, մի անգամ էլ թող մենք լինենք իշխանություն։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ իշխանությունը մի ճանապարհ ունի՝ սահմանադրական եղանակով, ընտրություններով իշխանության գալ։ Ուրիշ բան հնարավոր չէ, դրա հիմքերը չկան»։

Իշխանությունները սկզբունքորեն բացառում են արտահերթ ընտրությունների անցկացումը, անգամ եթե ընդդիմադիրներն անցնեն պայքարի ավելի կոշտ միջոցների, օրինակ, նստացույց սկսեն։

«Ի՞նչ է արդեն մոդայիկ է դարձել նստացույցը։ Պիտի հիմնավորեն՝ ինչի համար են նստացույց անում։ Պիտի նստացույց անեն, ասե՞ն՝ մենք իշխանություն ենք ուզում, մենք սոված կմնանք, դուք գնացեք, մենք գանք։ Դե թող մինչև 2018-ը նստեն նստացույցի։ Արտահերթ ընտրության հիմքեր չկան, շրջանառության մեջ են բառ են գցել՝ արտահերթ ընտրություններ... ինչի՞ համար, ի՞նչ է պատահել»։

Վահրամ Բաղդասարյանը հեգնեց, թե միակ անհանգստությունը, որ վաղվա հանրահավաքին ընդառաջ ունի Հանրապետականը, ընդդիմության հետագա ճակատագրի համար է.- «Ո՞ւմ համար անհանգստանանք, ընդդիմության համար անհանգստանում ենք, որովհետև քառյակը եռյակ դարձավ, չեմ ցանկանա՝ եռյակն էլ քայքայվի, որ ունենանք առողջ ընդդիմություն։ Իրենց համար անհանգստանում ենք, որովհետև ինչքան ուժեղ է ընդդիմությունը, այնքան զգոն է իշխանությունը»։

XS
SM
MD
LG