Մատչելիության հղումներ

Միջազգային կոալիցիան ավելի արդյունավետ կլինի, եթե ընդգրկի Ասադին, պնդում են Դամասկոսը և Մոսկվան: Կոալիցիայում, սակայն, այդ կարծիքին չեն:

Սիրիան և Ռուսաստանը պնդում են, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ միջազգային կոալիցիան ավելի արդյունավետ կլինի, եթե ընդգրկի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։ Սակայն, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Սքոթ Սթըրնի, Օբամայի վարչակազմը որոշել է իր պայքարը Դամասկոսի դեմ առանձնացնել «Իսլամական պետության» դեմ պայքարից։

Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ասում են, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ Սիրիայում օդային հարվածներ հասցնելիս Դամասկոսին նախօրոք չեն զգուշացնում թիրախների կամ ժամանակի մասին, սակայն շարունակում են Սիրիայի ուժերին կոչ անել, որ չպատասխանեն կոալիցիոն ուժերի ռմբակոծությանը։

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմի համաձայն՝ «Իսլամական պետության» դեմ պայքարը կհեշտանա, եթե Սիրիան միանա կոալիցիայի ուժերին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պնդմամբ՝ Սիրիային կոալիցիայից դուրս պահելը թե՛ անօրինական է և թե՛ անարդյունավետ։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն՝ «Իսլամական պետության» դեմ պայքարից Բաշար ալ-Ասադը դուրս է պահվում, որովհետև վերջինս Սիրիայում ստեղծված կացության մասնակից է։

«Ասադի վարչակարգը շարունակում է անխտիր կերպով ռմբակոծել իր իսկ ժողովրդին։ Ըստ ստացված տեղեկությունների, ռմբակոծության են ենթարկվել նույնիսկ հացի հերթի կանգնած կանայք և երեխաներ։ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» դեմ պայքարում մեր մոտեցումներն ու ռազմական ջանքերը միանգամայն տարբեր են Ասադի գործողություններից», - ասել է Փսաքին։

«Իսլամական պետության» դեմ պայքարում կոալիցիայի մաս կազմող Թուրքիան և Սաուդյան Արաբիան ձգտում են Դամասկոսի կառավարության տապալմանը և մտահոգված են, որ ԻՊ-ի դեմ պայքարը կնվազեցնի ճնշումը Ասադի ուժերի վրա։

Սակայն Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Աքբար Ահմեդի կարծիքով՝ որքան երկար տևեն օդային հարվածները, այնքան ավելի հավանական է Սիրիայի կառավարության հետ համագործակցությունը։

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ միասնական ճակատ կազմելու համար նախագահ Օբաման պետք է որոշում կայացնի Ասադի հետ խորհրդակցելու մասին։ Անհրաժեշտ է սահմանել չարյաց փոքրագույնը։ Սիրիայի նախագահ Ասադին օգնելը սարսափելի է, սակայն ռեալպոլիտիկի աշխարհում դա հնարավոր է», - ասել է պրոֆեսոր Ահմեդը։

Առայժմ, կոալիցիայի գործընկերներն ասում են, որ Սիրիայի ուժերի հետ համագործակցության կարիք չկա, քանի որ հարձակումների տարածքը, այդ թվում՝ թուրքական սահմանը, Դամասկոսի վերահսկողության տակ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG