Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսագետը «ամպագոռգոռ խոսքեր» է որակում ստվերի դեմ Կառավարության պայքարը


Ֆինանսների նախարարի տեղակալը հրապարակավ խոստովանում է, որ հարկերի հավաքման աճ այլևս հնարավոր է ունենալ միայն ստվերի կրճատման արդյունքում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը այսօր Կառավարությունում կայացած ասուլիսում մասնավորապես նշեց․ - «Մենք մոտեցել ենք այն նշակետին, երբ համախառն ներքին արդյունքի աճի և մյուս ցուցանիշների աճին զուգահեռ հարկերի հետագա աճը պետական բյուջե հնարավոր է միայն ստվերային տնտեսության կրճատման հաշվին: Ստվերը կա բոլոր, չասեմ, բայց բոլոր ոլորտներում և տարբեր ոլորտներում տարբեր չափի»:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խոստովանություն, որ առաջիկայում տնտեսական աճ չի լինելու, որովհետև տնտեսական աճի դեպքում, բնականաբար, հարկերի հավաքումը աճում է:

«Իմ կանխատեսմամբ՝ տնտեսական աճ ընդհանրապես չի լինի, որովհետև այն միտումը, որ կա Հայաստանի տնտեսության մեջ, դրան է տանում, կախված նրա հետ, որ, բացատրությունները հիշո՞ւմ եք՝ հիմնականում արտաքին ազդակներ և էդ արտաքին ազդակները դրական որևէ փոփոխություն, տեղեկություններ մեզ չեն տալիս, միայն բացասական են», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության առջև կանգնած հիմնական խնդիրը մենաշնորհներն են, և, չնայած իշխանությունների հայտարարություններին, Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բաժանված ու փակված մենաշնորհների կողմից:

«Քանի դեռ Հայաստանում տնտեսության և ընդհանրապես մեր կյանքում մրցակցություն չկա, քանի դեռ իսկապես մենաշնորհներ կան և օրենքները, այդ թվում՝ տնտեսական օրենքները կիրառվում են ոչ իրավահավասար, հավատացնում եմ, այսպիսի ծրագրերը կամ հայտարարությունները՝ այն, ինչ որ արեց Կառավարությունը՝ պայքար, պայքար ստվերի դեմ, դա պարզապես ամպագոռգոռ խոսքեր են՝ առանց որևէ տնտեսական հիմնավորման», - ընդգծեց Վահագն Խաչատրյանը:

Թեև Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այսօր էլ խոստանում է տարին փակել 4 տոկոս տնտեսական աճով, սակայն անգամ Կենտրոնական բանկում չեն բացառում, որ Կառավարությունը չի կարողանա ապահովել խոստացված ցուցանիշը: Օգոստոսին հրապարակված ԿԲ «Գնաճի հաշվետվություն» զեկույցի համաձայն՝ չի բացառվում, որ այս տարի աճը կարող է կազմել 3.6 տոկոս:

Այն, որ Հայաստանի տնտեսությանը դժվարին ժամանակներ են սպասվում, նախորդ շաբաթ հրապարակավ հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամը կտրուկ իջեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի իր կանխատեսումը՝ այն հասցնելով 2.6 տոկոսի:

Մեկ տարի առաջ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ Հայաստանը 2014 թվականը կփակի 4.8 տոկոս տնտեսական աճով:

Համաշխարհային բանկը նույնպես իջեցրեց հայաստանյան տնտեսական աճի իր կանխատեսումը: Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին անցած շաբաթ «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանում այս տարի աճը կտատանվի 2.5-ից 2.7 տոկոսի միջև:

XS
SM
MD
LG