Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակությունը սպառնալիք է տեսնում Կառավարության նոր հայեցակարգում


Կառավարության վերջին որոշումը մտահոգել է քաղաքացիական հասարակությանը՝ խորացնելով կասկածները, թե դեպի Եվրասիական միություն շտապող Հայաստանը, հետևելով գործընկերների օրինակին, այսուհետ փորձելու է վերահսկելի դարձնել նաև ոչ կառավարական կազմակերպությունները։

Մտահոգության պատճառը անցած ամսվա վերջին Կառավարության կողմից հաստատված հայեցակարգն է, որի համաձայն ոչ կառավարական կազմակերպությունները պետք է մանրամասն տեղեկատվություն ներկայացնեն այն մասին, թե ումից, երբ, ինչքան գումար են ստացել և ինչի վրա են ծախսել։

Կառավարությունը պնդում է, որ նպատակ ունի թափանցիկ դարձնել քաղաքացիական հասարակության դաշտը ու պաշտպանել ոչ միայն հանրության, այլև դոնորների շահերը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, մինչդեռ, վստահ է՝ այս քայլով Հայաստանի իշխանություններն առաջին հերթին փորձում են նմանվել դաշնակիցներին․ Եվրասիական տնտեսական միության նախաձեռնող Ռուսաստանում էլ վերջերս սահմանափակումներ մտցվեցին այս ոլորտում, իսկ դրսից գումար ստացող կազմակերպությունները այժմ համարվում են օտարերկրյա գործակալներ։

«Արդյո՞ք Կառավարության այս որոշումը արդեն առաջին ծիծեռնակներն են այդ ուղղությամբ՝ ժամանակը ցույց կտա, բայց անհանգստանալու տեղիք կա», - ասում է Իշխանյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ասում են, թե վիճահարույց հայեցակարգի մասին տեղյակ չեն եղել, Կառավարությունը չի փորձել քննարկել այն իրենց հետ։ Նրանք շեշտում են, թե գործող օրենքներով իրենք արդեն հաշվետու են թե՛ հարկային մարմիններին, և թե՛ հանրությանը, մինչդեռ այս փոփոխությունը հավելյալ լծակ կարող է դառնալ իշխանությունների ձեռքին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշատակում է «Սիվիլիթաս» հիմնադրամի օրինակը, երբ իբրև թե ֆինանսական չարաշահումների պատճառով Ազգային անվտանգության ծառայությունը գործ հարուցվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ։

«Հայեցակարգը ասում է, որ եթե հաշվետվությունները չհամապատասխանեն մեկ-երկու անգամ, կամ չներկայացվեն, ապա կարող է մտնել դատարան և կասեցնել կազմակերպության գործունությունը», - ասում է Սաքունցը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ, նման պայմաններում ստիպված կլինեն ընկնել հավելյալ փաստաթղթերի հետևից, լրացուցիչ խնդիրներ լուծել՝ մտահոգվելով, թե մի օր էլ կփակվեն այս կամ այն հաշվետվությունը սխալ ներկայացնելու համար։ Նավասարդյանի կարծիքով, այս ամենի հետևում հենց դրսից եկող ճնշումներն են՝ Եվրասիական միությունը նկատի ունի:

«Ակնհայտ է, որ կան դրսից ճնշումներ, և ինչքան բարձր հասնի այդ հարցը, ինչքան ինքը ուշադրության առարկա կդառնա, այնքան այդ ճնշումները ավելի ուժեղ կդառնան: Եվ, հաշվի առնելով, որ այդ ճնշումներին դիմադրելու ռեսուրսը մեր քաղաքական վերնախավում բավականին փոքր է, անցանկալի զարգացումներ հնարավոր են», - ասում է նա:

Նավասարդյանը հիշեցնում է Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի վերջին հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում Արևմուտքը իր հակառուսական խնդիրները փորձում է լուծել հասարակական կազմակերպությունների միջոցով։

«Պարզ է, որ եթե քննարկումներ սկսեն խորհրդարանում, այդ կարգի ազդանշանները ավելի հաճախ կդառնան», - ասում է նա, - «Որը շատ անցանկալի է և՛ երկրի անկախության, և՛ ինքնիշխանության և բոլոր այլ խնդիրների առումով»:

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները Կառավարությանը խորհուրդ են տալիս վերահսկել այն կազմակերպություններին, որոնք հենց պետական բյուջեից են գումար ստանում։ Հիշեցնենք, որ «Ազատությանը» նախորդ տարի չէր հաջողվել հայտնաբերել նրանց անգամ իրենց գրանցման հասցեում։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առայժմ զբաղված են «անակնկալ» հայեցակարգի շուրջ քննարկումներով՝ առաջիկայում կորոշեն ինչ անել, որ այն այդ տեսքով չմտնի խորհրդարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG