Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Թուրքիան ի վիճակի չէ միայնակ ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անկարայում, 9-ը հոկտեմբերի, 2014թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անկարայում, 9-ը հոկտեմբերի, 2014թ․

Առավելագույնը, ինչ պատրաստ են քննարկել Անկարայում, Սիրիայի հյուսիսում ռազմական ավիացիայի համար թռիչքազերծ գոտու ստեղծումն է:

Իրատեսական չէ կարծել, թե Թուրքիան ի վիճակի է միայնակ ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում: Այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի նորանշանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Միայն օդային հարվածներով «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորմանը հաղթել հնարավոր չէ: Չի կարելի բացառել նաև ցամաքային գործողությունների հնարավորությունը: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան միայնակ որևէ բան անել չի կարող: Նման ակնկալիքները իրատեսական չեն», - հայտարարեց Չավուշօղլուն:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչեց Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում շարունակվող կատաղի մարտերի և Թուրքիայի քրդերի արյունալի բողոքի ակցիաների ֆոնին: Թուրքիայի ազգությամբ քուրդ քաղաքացիները արդեն երրորդ օրն է ինչ պահանջում են թուրքական իշխանություններից անհապաղ ռազմական միջոցներ ձեռնարկել Քոբանին անկումից փրկելու համար: Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ կատաղի բախումների: Դրանց արդյունքում, վերջին տվյալներով, արդեն իսկ զոհվել է 21 քուրդ ցուցարար, կան տասնյակ վիրավորներ:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, հատուկ ուղերձով դիմելով Թուրքիայի քաղաքացիներին, հայտարարեց, թե կառավարությունը չի հանդուրժի որևէ զանգվածային անկարգություն երկրի որևէ շրջանում:

«Ես հանդարտության կոչով դիմում եմ մեր քաղաքացիներին` հորդորելով հավատալ ու վստահել թուրքական պետությանն ու թուրքական կառավարության կարողություններին: Մի ներքաշվեք այն քաոսի մեջ, որ հանդիսանում է որոշակի շրջանակների ցանկությունը: Պետական մարմիններն ու անվտանգության ուժերը կարգուկանոն են հաստատելու», - հայտարարեց Դավութօղլուն:

Չնայած Քոբանիի փրկությանն ուղղված ցամաքային գործողություն սկսելու պահանջներին` առավելագույնը, ինչ պատրաստ են քննարկել Անկարայում, Սիրիայի հյուսիսում ռազմական ավիացիայի համար թռիչքազերծ գոտու ստեղծումն է: Անկարայի այս առաջարկը` Քոբանիում ծավալված մարտերի ֆոնին, փոքր-ինչ տարօրինակ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարձակման անցած իսլամիստները ռազմական ավիացիա չունեն ընդհանրապես: Որոշ թուրքական լրատվամիջոցների կարծիքով՝ այդ քայլի իրական թիրախը Բաշար Ասադի կառավարական ուժերն են, այլ ոչ թե «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորումը:

Սա էր, թերևս, պատճառը, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բավական սառը արձագանքեց թռիչքազերծ գոտի ստեղծելու մասին Անկարայից հնչող կոչերին:

«Ես իհարկե լսել և տեսել եմ թռիչքազերծ գոտի կամ սահմանի երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու մասին առաջարկները: Նշեմ սակայն, որ Քոբանիում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու պարզ և հասարակ ուղիներ գոյություն չունեն: Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի քննարկել այս հարցերը», - հայտարարեց Ստոլտենբերգը:

Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թուրքիայի ղեկավարությունը քննարկում էին նաև երկկողմ կապերի հետագա ամրապնդման հեռանկարները: Հյուսիսատլանտյան դաշինքում չեն մոռանում այն առանցքային դերակատարությունը, որ կազմակերպության ներսում տասնամյակներ շարունակ ստանձնել էր և այսօր էլ ունի Թուրքիան: Դա, սակայն, ըստ Ստոլտենբերգի, չի նշանակում, թե ընդհանուր անկայունության ֆոնին Անկարան կարող է մենակ մնալ:

«Թուրքիան մեր ուժեղ դաշնակիցն է: Թուրքիան դաշինքի կազմում մեծությամբ երկրորդ բանակն ունի: Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ն որպես դաշինք մշտապես պատրաստ է օժանդակել իր դաշնակիցներից ցանկացածի պաշտպանությանն ուղղված ջանքերին: Դա էր պատճառը, որ մենք Patriot տեսակի հրթիռային համակարգեր տեղակայեցինք Թուրքիայի տարածքում` նպատակ ունենալով ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը: Ամեն դեպքում, Թուրքիան հզոր պետություն է, հզոր բանակ և կարողություններ ունի», - հայտարարեց Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG