Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը խոստանում է մեկ ամսից հաշմանդամների համար 10 ավտոբուս հարմարեցնել


Քաղաքապետարանը խոստանում է մեկ ամսից հաշմանդամների համար 10 ավտոբուս հարմարեցնել
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

ՀԿ-ները ստորագրահավաք են նախաձեռնել քաղաքապետարանի ուշադրությունը «անմատչելի Երևանի» վրա հրավիրելու նպատակով:

Հայաստանում բնակվում է մոտ 190 հազար հաշմանդամ: Երևանում նրանց թիվը հասնում է շուրջ 60 հազարի: Մարզերում, շատ հաճախ նաև մայրաքաղաքում, հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից: Այդ պատճառով հաշմանդամներն իրենց բառապաշարում հաճախ են օգտագործում «անմատչելի Երևան» արտահայտությունը:

Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը «անմատչելի Երևանի» խնդիրների վրա սևեռելու նպատակով հաշմանդամների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ստորագրահավաք են նախաձեռնել: Ակցիան իրականացվում է «Երևանը նաև մեր քաղաքն է» խորագրի ներքո: Ստորագրահավաքին միացել են խորհրդանշական թվով՝ Երևանի 2796 քաղաքացիներ:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակից Զարուհի Բաթոյանն ասում է, որ իրենք հորդորում են քաղաքապետարանին կրկնապատկել, անգամ եռապատկել հաշմանդամների խնդիրներին ուղղված հատկացումները:

«Անզեն աչքով տեսանելի է, որ Երևանը մատչելի չէ, և նույնիսկ այն աշխատանքները, որոնք տարվել են վերջին տարիների ընթացքում, չեն կարող լուրջ փոփոխություններ բերել մարդկանց կյանքում, որովհետև մենք պարզապես դպրոցներում, սրճարաններում կամ կանգառներում չենք տեսնում նրանց», - նշեց Բաթոյանը:

Հաշմանդամություն ունեցող անձը այսօր չի կարող հասարակական վայրեր այցելել, կրթություն ստանալ, մասնակցել մշակութային միջոցառումների, ազատորեն տեղաշարժվել մայրաքաղաքում, քանի որ չկան թեքահարթակներ կամ դրանք այնպես են կառուցված, որ պիտանի չեն։ Նոր կառուցվող շենքերը, վերանորոգվող դպրոցները բոլորովին հարմարեցված չեն հաշմանդամների համար:

«Գրեթե միշտ չեն պահպանվում մատչելիության չափանիշները: Դրանք արվում են շատ մակերեսորեն, ուղակի ինչ-որ բան անելու համար: Գումարներ այսպես, թե այնպես ուղղվում են դրան, շատ կարևոր է, որ ճիշտ վերահսկողություն լինի», - ասաց Բաթոյանը:

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները տարեցտարի ավելացնում են թեքահարթակների կառուցման համար նախատեսված գումարները: Օրինակ այս տարի, ըստ պաշտոնյայի, տրամադրվել է 40 միլիոն դրամ: Այն հարցին, թե քանի՞ թեքահարթակ է արդեն կառուցվել, Մերթարջյանը պատասխանեց.- «Արդեն 278-ը ունենք, ակնկալում ենք ևս 400-ին մոտ հարմարեցում»։

Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքապետարանը խոստանում է նաև հաշմանդամների երթևեկության պահանջներին հարմարեցնել Չինաստանից բերված ընդամենը 10 ավտոբուսներ, որի համար 30 միլիոն դրամ է հատկացրել, սակայն դա ևս չի արվել: Այս հարցին ի պատասխան քաղաքապետի օգնականն ասում է՝ եթե ոչինչ չխանգարի, ապա մոտ մեկ ամսից ավտոբուսները պատրաստ կլինեն:

«Ունենալու ենք վերելակներ 10 ավտոբուսների վրա, երթուղին, ժամային գոտիները ճշտելու ենք մեր հասարակական կազմակերպությունների հետ, որովհետև իրենց շահառուների համար է լինելու», - նշեց Մերթարջյանը:

Զարուհի Բաթոյանն իր հերթին նշում է, որ 10 ավտոբուսը շատ քիչ է, մանավանդ, որ դրանք սպասարկելու են միայն Երևանի բնակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG