Մատչելիության հղումներ

Տնտեսության վերականգնման գործընթացը չնայած շարունակվում է՝ այն իրականում դանդաղ է ու լի վտանգներով։

Արժույթի միջազգային հիմնադրամն աշխարհի տնտեսական զարգացման մասին զեկույց է հրատարակում ամեն տարի երկու անգամ։ Դրանք հիմնված են համաշխարհային տնտեսության մոտակա ու մոտ ապագայի զարգացման վերաբերյալ Հիմնադրամի տնտեսագետների վերլուծությունների վրա։

Համաշխարհային տնտեսական զարգացման մասին Արժույթի միջազգային հիմնադրամի այս տարվա երկրորդ զեկույցի համաձայն, համաշխարհային տնտեսության զարգացման արագության կանխատեսումներն ավելի ցածր ցուցանիշ են ներկայացնում։ Սա խոսում է այն մասին, որ տնտեսության վերականգնման գործընթացը չնայած շարունակվում է՝ այն իրականում դանդաղ է ու լի վտանգներով։

Այս տարվա առաջին զեկույցը, որը հրապարակվել էր հուլիսին, կանխատեսում էր համաշխարհային տնտեսության աճ 3.4 տոկոսով։ Հոկտեմբերի կանխատեսումներով՝ այդ աճը կկազմի Օ.1 տոկոսով պակաս՝ 3.3 տոկոս։ Ըստ նույն զեկույցի, 2Օ15 թվականի զարգացման արագությունը նախորդ կանխատեսումների համեմատ ցածր է Օ.2 տոկոսով ու 4-ի փոխարեն կազմելու է 3.8 տոկոս։

Ցուցանիշների ցածր մակարդակի կանխատեսումների պատճառ են դառնում աշխարհաքաղաքական վատթարացող իրավիճակը, ցածր տոկոսադրույքների պատճառով ֆինանսական լարված շուկաներում առկա անհանգիստ իրադրությունը, ինչպես նաև զարգացած ու նոր զարգացող տնտեսություններում աճի պոտենցիալի անկումը։

Ինչպես տնտեսագետներն են նշում, տնտեսության վերականգնման գործընթացը տարբեր երկրներում գրանցում է աճի տարբեր արագություններ։ Այդ պատճառով, ասում են նրանք, հստակ է, որ վերականգնման գործընթացը թույլ է ու անհավասար։

Տնտեսապես զարգացած երկրների միջև նույնպես կան աճի արագության տարբերություններ։ Օրինակ, ԱՄՆ-ում այդ արագությունն ավելի մեծ է, քան եվրոյի գոտու երկրներում կամ Ճապոնիայում։ Նոր զարգացող շուկաներում իրադրությունն այլ է: Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվեր Բլանչարդի խոսքերով, այդ երկրներում մեծապես գրանցվել է տնտեսության վերականգնման գործընթաց, սակայն այստեղ կան խնդիրներ՝ կապված պոտենցիալ աճի հետ։

Տնտեսական վերլուծաբանները համաշխարհային տնտեսության զարգացման աճի փոքր բացասական տվյալները կապում են անշարժ գույքի շուկայում անշարժության ու փոքր փոխառությունների հետ։

Զեկույցը կազմող տնտեսագետները լավատեսորեն են նայում Չինաստանի տվյալներին։ Իրենց գնահատականներում նրանք չեն արձանագրել կանխատեսումներում բացասական փոփոխություն։ Այստեղ 2Օ14 թվականին աճը կազմելու է 7.4, 2Օ15-ին՝ 7.1 տոկոս։

Ռուսաստանում 2Օ14 թվականին աճի կանխատեսումներն անփոփոխ են՝ Օ.2 տոկոս։ Ինչ վերաբերում է 2Օ15-ին, ապա նախնական 1 տոկոսի փոխարեն աճը կկազմի միայն 0․5 տոկոս։ Սա այս ցանկի մեջ նախկին ցուցանիշի համեմատ բացասական ամենամեծ տարբերությունն է Բրազիլիայից հետո։ Պետք է նշել, սակայն, որ եթե Ռուսաստանում կանխատեսվում էր 0․5 տոկոսի աճ, ապա Բրազիլիայում աճը պիտի լիներ 1.4 տոկոս։

Ամենամտահոգիչն այն է, որ զարգացման աճի դանդաղում է գրանցվում 2Օ1Օ թվականից ի վեր։ Հունվարին կանխատեսվում էր համաշխարհային տնտեսության զարգացման 3.7 տոկոս աճ, ապրիլին՝ 3.6 տոկոս, հոկտեմբերին՝ 3.3 տոկոս։ Այդ պատճառով Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնատար անձինք կոչ են անում, որ աշխարհի երկրների ղեկավարներն ավելի լրջորեն մոտենան իրենց տնտեսությունների զարգացմանը զարկ տալու խնդրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG