Մատչելիության հղումներ

Եռյակը պնդում է՝ իշխանափոխության վերջնահաշվարկը սկսված է


Եռյակ. Իշխանափոխության վերջնահաշվարկը սկսված է
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00

Ոչ իշխանական ուժերը չորեքշաբթի Գյումրիում կայացած բազմամարդ հավաքում ավարտեցին մարզային հանդիպումները։

Եռյակը Գյումրիում ևս խոսեց իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունից։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ասաց, որ երկիրը անընդհատ քանդվում է՝ դրա մեջ մեղադրելով գործող իշխանություններին.- «Այսօր ամենամեծ արտագաղթը Գյումրուց է եղել։ Այս իրավիճակի համար անշուշտ մեղավոր են իշխանությունները»։

«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը, դիմելով հավաքվածներին հիշեցրեց անցած տարվա նախագահական ընտրությունները՝ ասելով, որ ժողովուրդն արդեն իր իշխանությունը ձևավորել է։

«Դուք անցած տարի 77 տոկոս խփելով ցույց տվեցիք՝ ով է Հայաստանում իշխանությունը։ Ձեր ձայնը տալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ցույց տվեցիք, որ այսօրվա իշխանությունը անօրինական է»,- ասաց Մարտիրոսյանը՝ ժողովրդից հարցնելով, թե արդյոք իշխանափոխություն ուզո՞ւմ են։

Դրական պատասխան ստանալով՝ Մարտիրոսյանը ասաց.- «Վե՛րջ, ձեր պահանջը ձևակերպված է, ուրեմն մենք գնալու ենք հենց այդ պահանջը իրականացնելու, միասին ենք գնալու, ոնց որ անցած տարի»։

Եկել է պահը, որ իշխանափոխությունն իրականություն դառնա, ասացին հանրահավաքին մասնակցող ուժերի ներկայացուցիչները։ Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանն ասաց՝ այս ալիքի դեմն առնել հնարավոր չէ։

«Ես բոլոր իշխանավորներին առաջարկում եմ՝ այս հոսանքի դեմը չառնել, պետք չէ, որ հոսանքը ձեզ քշի, տանի»,- ասաց նա։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով Վանաձորում հայտարարել էր իշխանափոխության մասին, Գյումրիում կրկին անգամ վերահաստատեց այդ պահանջը.- «Ես ասել եմ և հիմա կրկնում եմ՝ այս իշխանափոխությունը պետք է հեռանա և մենք չպիտի թույլ տանք, որ այս իշխանությունը փորձի սահմանադրական փոփոխություններով իր համար ևս տասը տարվա գոյություն ապահովել։ Սա պիտի լինի գերակա, մեկ միասնական օրակարգ»։

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էլ ասաց՝ իշխանություններն իրոք վախեցած են, հոկտեմբերի 10-ի հանրահավաք նշանակելու օրվա մասին էլ ասաց, որ այդ օրը մեկ այլ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն է նախատեսվում ստորագրել։

«Պարզվում է՝ իշխանությունները Ռուսաստանում ներկայացնում են, որ ընդդիմությունը հատուկ նշանակել է հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, որ չթողնի Սերժ Սարգսյանին անդամագրվել Եվրասիական միությանը։ Բայց այդ նույն իշխանությունը, նույն մարդիկ հետո գնում են ամերիկացիների մոտ և արդեն ամերիկացիներին ասում են, որ ընդդիմությունը հոկտեմբերի 10-ին նշանակել է իր հանրահավաքը, որպեսզի Սերժ Սարգսյանը գնա և անդամագրվի Եվրասիական միությանը։ Նույն իրադարձությունը ծախում են և ռուսներին, և ամերիկացիներին։ Բայց այն հանգամանքը, որ իշխանությունները փորձում են դիմել այսքան ողորմելի հնարքների, ցույց է տալիս մի բան՝ նրանք իսկապես վախեցած են»։

Եռյակի անդամները Երևանում երկու օրից կայանալիք համապետական հանրահավաքին ընդառաջ նշեցին՝ վերջնահաշվարկը սկսված է։

XS
SM
MD
LG