Մատչելիության հղումներ

«Ձեզ ձգեք». Սուրիկ Խաչատրյանը փոփոխություններ է սկսել մարզում


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է մարզի համայնքների ղեկավարներին և մինչև հոկտեմբերի 20-ը ժամանակ տվել՝ եկամուտները 100 տոկոսով հավաքագրելու համար։

Նա գյուղապետերին մեղադրել է «մի ամբողջ տարի քնելու մեջ»՝ թերևս ակնարկելով նախորդի՝ Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը։ Հակոբյանը մարզպետ էր դարձել անցած տարվա ամռանը՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից ու Խաչատրյանի հրաժարականից հետո։

«Ի՞նչ է նշանակում հավաքագրումը 2 տոկոս կամ 12 տոկոս։ Ուրեմն ուզում եմ, որ ինքներդ ձեզ ձգեք, թափ տաք, որ նորից էլի պետք է միասին աշխատենք»,- համայնքի ղեկավարներին է դիմել մարզպետը.- «Եթե այսուհետ եռամսյակ-եռամսյակ հարյուր տոկոսով գումարները չհավաքեք, ինքներդ ձեզանից նեղացեք»։

Սա մարզպետի պաշտոնում Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզխորհրդի առաջին նիստն էր։ Մարզային լրատվամիջոցների ռեպորտաժներից երևում է, որ նիստի մասնակիցներից որևէ մեկը որևէ հակափաստարկ չի ներկայացրել մարզպետին և չի փորձել առարկել։

«Մինչև ամսի 20-ը ձեզ բոլորիդ ժամանակ. ամսի 20-ին բերեք հասցնեք 100 տոկոս, ամո՛թ է, մի ամբողջ տարի քնել եք, թե հողի հարկը.... հողի հարկը տվողը կա»,- շարունակել է մարզպետը։

Համայնքի ղեկավարներին «ձգվելու» կոչերի նախօրեին՝ հոկտեմբերի 6-ին էլ Սուրիկ Խաչատրյանը հացի արտադրությամբ զբաղվող գործարարներին էր հավաքել մարզպետարանում։ Այս հավաքի արդյունքում մարզում երեկվանից փոխվել է հացի գինն ու ավելացնել քաշը։ Այսինքն, եթե նախկինում 240 դրամ արժեր կես կիլոգրամ հացը, ապա արդեն երկու օր է սյունեցիները 600 գրամ հացի համար են 240 դրամ վճարում։ Թե արդյոք Խաչատրյանի այս հրահանգը կատարելը բացասաբար չի անդրադառնալու տնտեսվարողների վրա, նրանցից ոչ ոք «Ազատության» տեսախցիկի առաջ չպարզաբանեց։ Հացի արտադրամասերում հավաստիացնում էին, որ ամեն ինչ լավ է, գնորդներն էլ բնականաբար գոհ են այս փոփոխությունից։

«Այսօր արդեն 600 գրամից ենք հացը բաց թողնում, ահագին տարբերություն կա. գնորդներից որոշները նկատում են, մի մասը չէ։ Ասում են՝ դա օգուտ է բնակչությանը, ժողովրդի մասին մտածում են ուրեմն»,- վստահեցնում էին հացթուխները։

«Դե լավ որոշում է, եթե այդպես լինի», «շատ լավ լուր ասեցիք»՝ նշում էին զրուցակից անցորդները։

Տնտեսագետները, մինչդեռ տարակուսած էին, թե ինչպես կարող է ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրում առաջին անհրաժեշտության ապրանքի՝ հացի գինը կախված լինել մարզպետի ցանկությունից։ «Ազատության» հետ զրույցներում նրանք չէին կասկածում, որ Սուրիկ Խաչատրյանը փորձում է Բուդաղյանների հետ կապված արյունալի միջադեպից հետո իր ու հարազատների մասին շրջանառվող զանազան քրեական պատմությունների ֆոնին բարձրացնել իր հեղինակությունը սյունեցիների աչքում։

«Շատ բնական է, որ այդպես էլ պետք է լիներ։ Բռնատիրական համակարգի ձգտող պետության մեջ, որը Հայաստանն է, այդպես էլ լինում է, ղեկավարի ցանկությամբ են գները բարձրանում, իջնում։ Տվյալ դեպքում արդեն մարզային ղեկավար պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը փորձում է այդ ձևով միգուցե ժողովրդի մոտ հեղինակություն ձեռք բերել։ Սա ամենավատ նախադեպն է, որ կարող է ընդհանրապես սկսի գործել Հայաստանում, որովհետև ի վերջո դրա արդյունքը լինում է շատ վատ»,- նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը.- «Տնտեսվարողները կարող են հիմա վնասով աշխատել, միայն թե իշխանության ներկայացուցչի ցանկությունները բավարարեն, պարզ է, որ վախենում են»։

«Սա դասական պոպուլիստական քայլ է, ֆեոդալիզմի նշույլներով», համոզված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, ով այստեղ նաև քրեական հանցագործության տարրեր էր տեսնում։

«Եթե լուրջ վերաբերվենք այդ հարցին, տեղի է ունեցել քրեական հանցագործություն։ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտոնյաները պետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք բխում են իրենց լիազորություններից։ Բայց մարզպետի լիազորությունների մեջ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված որևէ կետ չկա, որ մարզպետն իրավունք ունի միջամտել գներին։ Գների ձևավորմանը միջամտելը նշանակում է միջամտել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը. դա քրեական հանցագործություն է»,- նշեց Գևորգյանը.- «Բայց կարծում եմ՝ պետք չէ լուրջ վերաբերվել, մանավանդ հենց փաստը, որ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի Հանրապետությունում մարզպետի պաշտոն ունի, դա մեզ ստիպում է արդեն լուրջ չվերաբերվել իշխանություններին ընդհանրապես։ Պետք է հումորով վերաբերվել այդ ամեն ինչին, դա ուղղակի պոպուլիզմ է»։

XS
SM
MD
LG