Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան


Լեռնային Ղարաբաղ - Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը, 11-ը հուլիսի, 2014թ.
Լեռնային Ղարաբաղ - Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը, 11-ը հուլիսի, 2014թ.

Հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտների գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գործով անցնող ամբաստանյալները Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն են։ Ղարաբաղի իրավապահ մարմինները նրանց նկատմամբ, ըստ պաշտոնական հաղորդագրության, մի շարք հոդվածներով մեղադրանք են առաջադրել՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված սպանության և ազգային ատելության շարժառիթով սպանությունների փորձ կատարելու մեջ:

Ըստ ավելի վաղ տարածված պաշտոնական հաղորդագրությունների՝ Ասկերովն ու Գուլիևը Քարվաճառի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Ադրբեջանցիները սպանել էին նաև 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ դռնբաց դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի վերջին։ Դատավորը առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանն է։ Նա հրաժարվեց պատասխանել որևէ հարցի՝ նշելով, որ իրավասու չէ իր կողմից քննվող դատական գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել։

Լեռնային Ղարաբաղի փաստաբանների պալատից տեղեկացանք, որ ադրբեջանցի մեղադրյալներին օրենքի համաձայն տրամադրվել է փաստաբան։ Արկադի Իսրայելյանը Ղարաբաղի իրավապահների կողմից ծանր հանցանքների մեջ մեղադրվող ադրբեջանցիների փաստաբաններից մեկն է։ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պարբերաբար հանդիպում է իր պաշտպանյալների հետ և լսում նրանց փաստարկները։

«Պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, մեր մասնագիտական պարտքը պետք է տանք»,- ասաց Իսրայելյանը.- «Ռուսերեն ենք շփվում, վստահություն իմ նկատմամբ կա, խոսում է, հարցերին պատասխանում է, տրամաբանորեն իրար հասկանում ենք»։

Եվ մինչ Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները կսկսեն այս նախադեպը չունեցող դատական գործի քննությունը, պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղի իշխանությունները որևէ իրավական հիմք չունեն քրեական գործ հարուցելու Ադրբեջանի քաղաքացիների դեմ։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի դատարանի որոշումը որևէ իրավական ուժ չի ունենա։ Ավելի վաղ Բաքուն պահանջում էր ռազմագերու կարգավիճակ տալ ադրբեջանցիներին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ երեք ադրբեջանցիները՝ Գուլիևը, Ասկերովը և Հասանովը գերի են վերցվել իրենց հարազատների գերեզմանն այցելելու արդյունքում։

Ադրբեջանը Քարվաճառը համարում է «սեփական տարածք» և ըստ այդմ պնդում, որ «ոչ ոք չի կարող սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժն Ադրբեջանի տարածքում՝ բացառությամբ Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

Մինչդեռ ըստ Հայաստանի և ԼՂ պաշտպանական գերատեսչությունների՝ ադրբեջանցի գերեվարված քաղաքացիները ռազմագերի չեն կարող համարվել, քանի որ «կան անհարքելի ապացույցներ այն մասին, որ խոսքը հանցավոր խմբի մասին է, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից»:

Քարվաճառում գերեվարված , ապա ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, ձերբակալման պահին է դիմադրություն ցուցաբերելու հետևանքով ոչնչացված Հասան Հասանովի (նրա դիակը մի քանի օր առաջ փոխանցվել է ընտանիքին) հուղարկավորության օրը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հանգուցյալի հայրը հայտարարել է, թե իր որդին «շեհիդ է դարձել»՝ նահատակվել է հանուն հայրենիքի, և ինքը հպարտ է դրանով։

Հայրը երախտագիտություն է հայտնել երկրի նախագահին որդու դին վերադարձնելու ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG