Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյանը կարող է կանգնել դատարանի առաջ


Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») այսօր հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել խորհրդարանի ղեկավարին շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող` իր հեղինակած հայտարարության նախագիծը:

«Ինքը այդ միջնորդի և տեխնիկական դերը պարտավոր է կատարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը` շարունակելով. - «Մինչ այս պահը, փաստորեն, Գալուստ Սահակյանը իր պարտականությունների չի կատարել և չի ուղարկել [նախագիծը] համապատասխան աշխատակազմին ու հանձնաժողովներին»:

«Ազգային ժողովի հայտարարությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի` Սուրիկ Խաչատրյանի (հանրությանն առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին» վերտառությամբ հայտարարության նախագծով պատգամավորը գործընկերներին` այդ թվում Հանրապետական մեծամասնությանը, առաջարկում է դատապարտել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը:

«Սերժ Սարգսյանի և նրա խմբակի անդամների հիմնական խնդիրն է իրականացնել վերահսկողություն առկա ապօրինի իշխանական համակարգում, որի համար անհրաժեշտ են քրեական տարրեր: Նրանք, մտադիր լինելով շարունակել իշխանության բռնազավթումը, անհրաժեշտություն են տեսել կրկին օգտվել Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, ով պատրաստ է ցանկացած տիպի պատվերի, ցանկացած հանցագործություն կատարելու», - գրում է ընդդիմադիր պատգամավորը, ապա անցում կատարում արդարադատության համակարգին` առաջարկում դատապարտել նաև դատական իշխանության քայլերը:

«Քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ` հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը» Փոստանջյանը որակում է որպես «հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում»:

Ահա այս հայտարարության տեքստը արդեն 9 օր Գալուստ Սահակյանը շրջանառության մեջ չի դնում: Այնինչ, Փոստանջյանի խոսքով, պարտավոր էր դա անել երկու օրվա ընթացքում. - «Սա միանգամից է ընդգրկվում օրակարգ: Խոչընդոտներ չկան: Նույնիսկ այն դեպքում, եթե դա որևէ անձանց դուրը չի գալիս և նա մտադիր է նույնիսկ դեմ քվեարկել տվյալ հայտարարությանը, այդուամենայնիվ սա պետք է դառնա քննարկման առարկա լիագումար նիստում: Հենց սա է ամբողջ խնդիրը, որ կաշկանդված են թե' Գալուստ Սահակյանը, թե' մնացած անձինք հավանաբար, որ չեն ցանկանում, որպեսզի այս նախագիծը քննարկման առարկա դառնա Ազգային ժողովում»:

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ` Ազգային ժողովի նախագահը չարաշահել է իր դիրքը, խոչընդոտել է խորհրդարանի պատգամավորի լիազորությունների իրականացմանը. - «Այստեղ արդեն Գալուստ Սահակյանը հանդես չի գալիս որպես Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ներքո, այլ հանդես է եկել որպես շահագրգիռ անձ և փորձում է իր պաշտոնական դիրքը չարաշահելով, ունենալով դիտավորություն` իր պաշտպանության ներքո վերցնել Սուրիկ Խաչատրյանին»:

Իր իրավունքները պաշտպանելու համար Փոստանջյանը թակել է բոլոր իրավասուների, այդ թվում օմբուդսմենի, դռները:

«Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել` վերականգնելու իմ իրավունքները և պատասխանատվության կանչելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին», - Կարեն Անդրեասյանին հասցեագրած դիմումում գրել է պատգամավորը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ ուսումնասիրում են Փոստանջյանի դիմումը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG