Մատչելիության հղումներ

16 զոհ Թուրքիայում` քրդերի և ոստիկանության բախումների արդյունքում


16 զոհ Թուրքիայում` քրդերի և ոստիկանության բախումների արդյունքում
please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00

Թուրքական բանակը չի շտապում միջամտել Քոբանիի իրադարձություններին, որտեղ վիճակը շարունակում է օրհասական մնալ:

16 զոհ, ավելի քան 30 վիրավոր` այսպիսին են Թուրքիայում երեկ երեկոյան սկիզբ առած և ողջ գիշեր շարունակված կատաղի փողոցային բախումների հետևանքները:

Թուրքիայի ողջ տարածքում` մայրաքաղաք Անկարայից և Ստամբուլից մինչև Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Վան և Բայազեթ քաղաքները տասնյակ հազարավոր քրդեր էին դուրս եկել փողոց` թուրքական կառավարությունից պահանջելով ի վերջո միջամտել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: Քրդերը համոզված են, որ թուրքական բանակը, որի տանկերը կանգնած են պաշարված քաղաքից մի քանի հարյուր մետրի վրա, սիրիացի քրդերի ջոկատներին աջակցելու առանձնապես մեծ ցանկություն չունի:

«Ոչ մի դեպքում թույլ չտալ Քոբանիի անկումը» կարգախոսների ներքո փողոց դուրս եկած ցուցարարները համոզված են, որ եթե քաղաքն անցնի «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալների ձեռքը, ապա Քոբանիում մնացած մոտ 50 հազար քրդերին կոտորած է սպասում:

Բուն Քոբանիում մարտերը երեկ տեղափոխվեցին քաղաքի կենտրոնական թաղամասեր: Կոալիցիոն օդուժը մի քանի անգամ հարվածներ հասցրեց քաղաքի ուղղությամբ հարձակվող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին:

Ռազմական գործողությունների թատերաբեմից մի քանի հարյուր մետր այն կողմ`արդեն Թուրքիայի տարածքում հավաքված հարյուրավոր քրդեր օդային հարվածները դիմավորում են ծափահարություններով:

«Այսօր առավոտից օդային հարվածներ են իրականացնում: Բայց ես կգերադասեի, որ այդ հարվածները մեկնարկեին 5 կամ 10 օր առաջ», - նշում է թուրքական կողմում կանգնած քրդերից մեկը:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդային հարվածները որոշակիորեն օգնել են Քոբանիի պաշտպաններին: Թեև իրավիճակն այստեղ շարունակում է օրհասական մնալ, այնուհանդերձ, «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալները ստիպված են եղել նահանջել քաղաքի կենտրոնից` ամրանալով Քոբանիի մատույցներում: Քրդերը, սակայն, համոզված են` առանց ցամաքային գործողությունների և զինամթերքի մատակարարումների Քոբանիի անկումը անխուսափելի է:

Պաշտոնական Անկարան, մինչդեռ, առայժմ չի շտապում օգնության ձեռք մեկնել քրդերին: Երեկ երկրի արևելքում գտնվող Գազիանթեպ քաղաքում նախագահ Ռեջեփ Էրդողանը այդպես էլ չտվեց Թուրքիայով մեկ շրջանառվող գլխավոր հարցի պատասխանը` միջամտելո՞ւ է թուրքական բանակը Քոբանիում ծավալված մարտերին, թե՞ ոչ:

«Միայն օդային հարվածներով «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման հարցը չի լուծվի: Ամիսներ են անցնում, բաց որևէ արդյունք չկա: Այսօր Այն էլ-Արաբ քաղաքը, որ նաև որպես Քոբանի է հայտնի, անկման եզրին է», - հայտարարեց Էրդողանը:

Նրա ելույթի մեկ այլ հատվածը, սակայն, թափանցիկ ակնարկ էր առ այն, որ թուրքական բանակը հազիվ թե քրդերի հետ համատեղ զինված պայքար ծավալի իսլամիստ ծայրահեղականների դեմ:

«Մեզ համար «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» և Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների միջև որևէ տարբերություն չկա», - հայտարարեց Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ Քոբանիում կռվող քրդական ջոկատները` այսպես կոչված «Ժողովրդական պաշտպանության ուժերը»` YPG-ն, Աբդուլա Օջալանի հիմնադրած Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի դաշնակիցներն են, երկու ուժերը բավական սերտ կապեր ունեն, որոշ վերլուծաբաններ նույնիսկ պնդում են, թե Սիրիայի քրդական ջոկատները իրականում Օջալանի կուսակցության տեղական մասնաճյուղն են:

Ինքը Աբդուլա Օջալանն Իմրալի կղզու բանտից արդեն իսկ հստակ ուղերձ է փոխանցել: «Եթե իսլամիստները գրավեն Քոբանին` կոտորելով տեղի խաղաղ բնակչությանը, դա կնշանակի Քրդական աշխատավորական կուսակցության և թուրքական կառավարության միջև անցած տարի մեկնարկած հաշտեցման գործընթացի ավարտը», - հայտարարել է Օջալանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG