Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկեց հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստի գործով դատաքննությունը


Առաջիկա օրերին դատարանի առջև կկանգնեն նաև հոսանքի թանկացման դեմ պայքարող մոտ 3 տասնյակ ակտիվիստներ:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների դեմ ոստիկանության հայցի քննությունը վարչական դատարանում այսօր մեկնարկեց արգելքով:

Հայցվոր կողմի՝ Ոստիկանության պահանջով, դատավոր Ռոբերտ Սարգսյանը լրատվամիջոցներին թույլ չտվեց տեսանկարահանել նիստը: Պատասխանողը՝ ակտիվիստ Վահան Դուրինյանը, ում Ոստիկանությունը մեղադրում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագանի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատավորի՝ նիստը չնկարահանելու մասին որոշումը չհիմնավորված է՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը գործի նկատմամբ:

«Միգուցե միտում է, համենայնդեպս, պատճառները լավ չհասկացա․․․ Երևի թե չկան պատճառներ», - նշեց Դուրինյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական բաժին է տարվել 27 ակտիվիստ: Այսօր դատարանի շենքի մոտ նրանից շատերը, ինչպես նաև այլ քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ եկել էին Դուրինյանին աջակցելու: Առաջիկա օրերին նրանցից շատերը նույնպես կկանգնեն դատարանի առջև:

Դահլիճը, որում տեղի էր ունենում նիստը, շատ փոքր էր, և ակտիվիստներից շատերը պարզապես չկարողացան ներս մտնել: Նրանք այս ամենի հետևում միտում են տեսնում, քանի որ, նրանց պնդմամբ՝ հայցվոր կողմը, չունենալով ակտիվիստների մեղքն ապացուցող բավարար ապացույցներ, փորձում է գործը վարել հանրային աչքից հեռու:

«Դատարանը ամեն դեպքում պարտավոր է, ինչպես ինքը նշեց, հրապարակայնությունը ապահովել հարցի, իսկ էդ հրապարակայնության ապահովման մեխանիզմները այնքան էլ պարզ չեն, քանի որ արդեն այսօր մեր ընկերներից շատերը դռան հետևում էին և չէին կարող ներկա լինել նիստին», - ասաց ակտիվիստներից մեկը:

«Տեղի է ունեցել խաղաղ հավաք, իսկ ոստիկանները հրապարակային որևէ պահանջ չեն ասել: Բացառված է, որպեսզի իրենք ներկայացնեն հավաստի ապացույցներ, այդ իսկ պատճառով, դատական ընթացքը կցկտուր ներկայացնելու նպատակով որոշեցին արգելել տեսանկարահանումը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հայկ Ավետիսյանը:

«Արդեն սկսվում է էն տպավորությունը, որ խաղաղ ակցիա անել չի կարելի էս երկրում», - ասաց ակտիվիստներից Լևոն Զաքարյանը:

Դատական հաջորդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: Հայցվոր կողմը պատրաստվում է տեսաֆիլմ ներկայացնել՝ ակտիվիստի մեղքն ապացուցելու համար: Հունիսի 23-ի բողոքի ակցիայի ժամանակ առաջինը բերման ենթարկված Վահան Դուրինյանը այսօրվա նիստին պնդեց, որ ոչ մի օրինազանց քայլի չի դիմել․ - «Բոլորի արձանագրությունը նույնն է, իրարից արտագրած: Դա նշանակում է, որ դրա տակը ինչ-որ անհեթեթություն է: Ո՞նց կարող է 27 հոգու արձանագրությունը նույնը լինել»:

XS
SM
MD
LG