Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է մեկ տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ անցկացրած և օրերս հայրենիք վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հակոբին ցուցաբերած տոկունության և հայրենասիրական վարքագծի համար, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ինջիղուլյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ:

Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նա հայրենիքում և իր ընտանիքի հոգատար միջավայրում հնարավորինս արագ կթոթափի մեկ տարուց ավելի տևած մղձավանջային օրերի սթրեսային հետևանքները, նշել է, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր, դրանով իսկ իբրև թե ցույց տալով, որ Հայաստանի Զինված ուժերում կամ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում ծառայության պայմանները տանելի չեն, իսկ Հայաստան վերադառնալը անցանկալի է: Սակայն Ինջիղուլյանը, հայկական բանակի մի սովորական զինվոր, իր ճիշտ և խոհեմ քայլերով ի ցույց է դրել ադրբեջանական քաղաքականության սին լինելը:

Նախարարը գոհունակություն է հայտնել, որ անգամ նման ծանր ապրումներից հետո Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել շարունակել զինվորական ծառայությունը: Պաշտպանության նախարարը հանձնարարել է առողջական վիճակի հետազոտման արդյունքների հիման վրա դիտարկել Հակոբ Ինջիղուլյանի հետագա ծառայության հարցը` առավել կարևորելով վերջինիս կրթություն ստանալու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG