Մատչելիության հղումներ

Հանրապետականը արտահերթ ընտրությունների հոտ չի առնում


Իշխող Հանրապետականը արտահերթ ընտրությունների հոտ չի առնում: Իսկ հերթական կամ արտահերթ իշխանափոխության մասին «Բարգավաճ Հայաստանի» պնդումներին հանրապետական պատգամավոր, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հակադարձում է՝ մոլորության մեջ են:

Վերջերս ՀԱԿ-ի և «Ժառանգության» իշխանափոխության կոչերին միացել է նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։ Վանաձորում կազմակերպված հանրահավաքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս իշխանությունը պետք է հեռանա:

ԲՀԿ-ի մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ եռյակի նիստից հետո վերահաստատեց՝ գործող նախագահն ու իշխող ուժը գնացող են, հետևաբար արտահերթ, թե հերթական՝ իշխանափոխություն լինելու է:

«Իրավագիտության մեջ կա բարեխիղճ մոլորություն տերմինը, ես կարծում եմ, մեր գործընկերները բարեխիղճ մոլորության մեջ են և պատկերացումների թյուրըմբռնումը և ընկալումը գալիս է հենց դրանից։ Նախագահը հեռանում է, հեռանում է նաև այդ քաղաքական ուժը։ Բայց եթե նախագահի երկու անգամ ընտրվելու ժամկետը լրացել է, Ազգային ժողովի ընտրությունները հո ժամկետո՞վ չեն՝ նաև իշխանություն ձևավորելու առումով։ Հետևաբար դրա գնահատական տվողը նաև ժողովուրդն է»,- ասաց Սահակյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ եթե նույնիսկ նախագահը հեռանա, Հանրապետականը չի հեռանա, Սահակյանը արձագանքեց.- «Դա կարող է որոշել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքը»։

Պարզվում է՝ իշխող կուսակցությունում լուրջ չեն ընդունում ԲՀԿ-ի տարբեր պատգամավորների, նաև եռյակի մյուս երկու ուժերից՝ ՀԱԿ-ից և «Ժառանգություն»-ից հնչող իշխանափոխության կոչերը: Հանրապետականում սպասում են, որպեսզի իշխանափոխության մասին բարձրաձայնեն եռյակի լիդերները, այդ թվում՝ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Եվ խոսեն այդ մարդկանց մակարդակով, որոնք իրավասու են նման խոսք ասելու, այլ ոչ թե հետո ասեն՝ մենք տեղյակ չենք... Եթե լիդերները կգան և կպահանջեն [իշխանափոխություն], մենք կհասկանանք, որ արդեն պահանջում են, և դա լուրջ է, և կփորձենք հակադարձել»

«Ազատության» հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ի վերջո եռյակին հաջողվի իր ընտրազանգվածի հետ միասին հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց, որոնք կմնան Ազատության հրապարակում և իշխանությանը արտահերթ ընտրություններ կպարտադրեն, Սահակյանը պատասխանեց.- «Մեր ամբողջ ցավն այն է, որ մենք միայն խոսում ենք բազմահազարանոց հանրահավաքների մասին, իսկ բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ ի՞նչ ենք ասելու, դրա մասին չենք խոսում։ Թող գործընթացները շարունակեն, տեսնենք՝ դեպի ուր են գնում և ուր են հասնում, հետո փորձենք գնահատական տալ։ Հանգիստ մնացեք, որևէ խնդիր չկա, արտահերթ ընտրությունների հոտ դեռևս չենք զգում։ Էնքան ասացին՝ թեժ աշուն, նույնիսկ եղանակը վախեցավ, աշունը չի գալիս, տերևները կանաչ են, չեն թեժացնում, այնպես որ բոլորդ հանգիստ մնացեք, ամեն ինչ իր հունով է գնում»։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ եռյակի՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ իշխանությունները դիմեն հայտնի մեթոդներին՝ փակելով մայրաքաղաք բերող ճանապարհները, Հովհաննես Սահակյանը հեգնեց, թե այդ օրը եղանակի տեսությունը ձնաբուք չի կանխատեսում, այնպես որ ոչ իշխանական ուժերը կարող են անհոգ լինել:

XS
SM
MD
LG