Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարը հանձնակատարին ներկայացրել է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, անդրադարձել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին։

Հայաստանի պաշտպանության նախարարը կարևորել է նաև Քննչական կոմիտեի ստեղծմամբ Պաշտպանության նախարարության համակարգից քննչական ծառայության դուրսբերման փաստը՝ այն համարելով անհարկի շահարկումներին վերջ տալու ուղղությամբ անհրաժեշտ քայլ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը գոհունակություն է հայտնել իր նախորդ այցից հետո այլընտրանքային ծառայության կազմակերպման հարցում գրանցված առաջընթացի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում մարդու իրավունքների խախտման հարցերին:

«Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ և նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը առաջարկել է դիտարկել մարդու իրավունքների հարցերով Հայաստանում ԵԽ գրասենյակի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման հնարավորության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG