Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ-ը


Հայաստանի նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը համապատասխան ձևով չի արձագանքում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին:

Հայաստանի նախագահն աննախադեպ սուր քննադատության է ենթարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարելով, որ համապատասխան արձագանքի բացակայության արդյունքում Ադրբեջանը շարունակում է ձեռնարկել սադրիչ գործողություններ:

Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին ընդունելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է․ - «Իլհամ Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները: Որպես արդյունք, Ադրբեջանը շարունակում է հրահրել իրավիճակի լարումը և ձեռնարկում է սադրիչ գործողություններ»:

Ի պատասխան՝ Նիկոլայ Բորդյուժան ընդամենը «կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում անհրաժեշտ է զեկուցել և քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են լրջորեն ազդել կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա»:

Սա առաջին հրապարակային քննադատությունը չէ, որ Հայաստանի նախագահը հնչեցնում է ՀԱՊԿ-ի երկրների հասցեին: 2013-ի սեպտեմբերին Սոչիում կազմակերպության ղեկավարների հանդիպմանը Սերժ Սարգսյանը մեղադրել էր Հայաստանի հետ ռազմաքաղաքական նույն դաշինքում գտնվող պետություններին՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ միասին Հայաստանի շահերի դեմ փաստաթղթեր ընդունելու համար:

Պետք է ենթադրել, որ նախորդ մեկ տարում միջազգային հարթակներում ՀԱՊԿ-ի անդամ երկրները շարունակել են գործել Հայաստանի շահերի դեմ, այլապես Սերժ Սարգսյանը վերստին հանդես չէր գա հրապարակային քննադատությամբ, և այն էլ՝ ավելի սուր:

Այսօր «Ազատության» հետ զրույցում «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց ժամանակի վրա, թե երբ է նախագահ Սարգսյանը հնչեցնում իր դժգոհությունը:

«Սա կարող է կապ ունենալ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Ղազախստանի փոխարտգործնախարարի երևանյան այցի հետ: Սա ցույց է տալիս նախագահ Սարգսյանի հիասթափությունը Ղազախստանի դիրքորոշման հետ կապված, որը ընդդիմանում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը: Ժամանակի առումով հետաքրքիր է նաև այն, որ այս հայտարարությունը հետևեց Հայաստանի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների երկօրյա աշխատանքային քննարկմանը, որի ժամանակ համատեղ գործողությունների նոր ծրագիր է մշակվել», - ասաց Կիրակոսյանը:

Բորդյուժան այցելել է հայ-ադրբեջանական սահմանագիծ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայաստանյան այս այցը նշանավորվեց նաև հայ-ադրբեջանական սահման այցով, ինչն աննախադեպ է: Հենց սահմանին Բորդյուժան հայտարարեց, որ այցելության նպատակը «սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է»:

Թե ի՞նչ հետևանք է ունենալու զեկույցը, որը հավանաբար կքննարկվի ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստում, Բորդյուժան չմանրամասնեց: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը այսօր «Ազատությանը» խոստացավ հարցին պատասխանել ավելի ուշ, ինչպես նաև՝ ներկայացնել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Հայաստանի նախագահի հրապարակային քննադատության վերաբերյալ:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահման Բորդյուժայի այցով Մոսկվան փորձում է ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի սահմանային մոնիտորինգի թուլությունը․ - «Այլ կերպ ասած՝ այժմ Ռուսաստանը փորձում է ներկայացնել ՀԱՊԿ-ը որպես անվտանգության ապահովման ավելի կարևոր միջոց, քան ԵԱՀԿ-ը է: Բացի այդ, ներգրավելով ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը լուրջ լծակ է ստանում Ադրբեջանի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG