Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները փորձել են սպանել հայ գյուղացուն․ հարուցվել է քրեական գործ


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկը
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկը

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ է կատարվել։

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ օրը ժամը 14-ի սահմաններում Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով, տան շինարարական աշխատանքների համար ավազ տեղափոխելու նպատակով, գտնվել է Չորաթան գյուղին պատկանող «Ներքին Շեն» կոչվող հանդամասում։ Ադրբեջանական մարտական դիրքերից, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ են արձակվել բնակչի և նրա մեքենայի ուղղությամբ՝ մեքենայի վրա առաջացել են հրազենային վնասվածքներ։

«Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն։ Զննության է ենթարկվել գյուղացու ավտոմեքենան, սակայն դեպքի վայրում առայժմ չի հաջողվել կատարել զննություն՝ կյանքի համար վտանգավոր լինելու պատճառով», - ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG