Մատչելիության հղումներ

Վարդան Պողոսյան. «ՄՄ պայմանագիրը Սահմանադրությանը ստորադաս ակտ է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումը, 24-ը հունիսի, 2014թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումը, 24-ը հունիսի, 2014թ․

Մասնագետի հավաստմամբ՝ Մաքսային միություն մտնելու պարագայում Հայաստանը իրավունք չունի վավերացնել դրույթներ, որոնք կհակասեն երկրի Սահմանադրությանը։

Նախատեսվում է, որ գալիք շաբաթ Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախագծի նախնական տարբերակը կփոխանցի Սերժ Սարգսյանին: Ըստ նախապես ծրագրվածի, հոկտեմբերի 15-ից հետո իշխանությունները նախատեսում են քաղաքական խորհրդակցություններ:

Սահմանադրական փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր, ըստ հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի, պետք է հստակեցվեն Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում:

Այս ամենը տեղի է ունենում ոչ իշխանական եռյակի հանրահավաքների ֆոնին: Եռյակի ներկայացուցիչները կտրականապես ընդդիմանում են սահմանադրական փոփոխություններին:

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք․ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարում են Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրման մասին:

Մաքսային միության հարցերով զբաղվող ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել Հայաստանի օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

«Ազատության» հարցին, թե Մաքսային միության օրենսդրության համապատասխանության հարցը հաշվի առնո՞ւմ է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը նախագիծը մշակելիս, Վարդան Պողոսյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած, դեռ ծանոթ էլ չեմ պայմանագրին։ Ամեն դեպքում, Մաքսային միությունը տնտեսական միություն է, և Մաքսային միության պայմանագիրը Սահմանադրության տեսանկյունից, միևնույն է՝ դա Սահմանադրությանը ստորադաս ակտ է։ Սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ կան, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ տնտեսական այդ համագործակցության պայմանագրի այս կամ այն դրույթների կիրառության համար»։

Մասնագետի խոսքով՝ ցանկացած միություն, տվյալ դեպքում՝ Մաքսային միություն մտնելու պարագայում էլ Հայաստանը իրավունք չունի վավերացնել այնպիսի դրույթներ, որոնք կհակասեն Հայաստանի Սահմանադրությանը։

«Եթե Մաքսային միության պայմանագրում լինեն էնպիսի դրույթներ, որոնք հակասում են իրավական պետության սկզբունքին, ապա նման պայմանագրին առանց վերապահման Հայաստանը մասնակցելու իրավունք չունի», - ասաց Վարդան Պողոսյանը։

Անդրադառնալով պետական լեզվի խնդրին՝ Պողոսյանը նշեց, որ պետական լեզուն ևս փոփոխության ենթակա չէ։

«Մաքսային միության լեզուն Հայաստանի Հանրապետության պետական լեզու չի կարող դառնալ, եթե ընդհանրապես նման հասկացություն գոյություն ունենա էլ Մաքսային միության պայմանագրում, որովհետև դա կհակասի մեր Սահմանադրությանը, կամ եթե միանում է, ապա վերապահում պետք է անի, որ այդ դրույթն իր համար չի գործում», - ասաց Վարդան Պողոսյանը։

XS
SM
MD
LG