Մատչելիության հղումներ

Ֆեդերիկա Մոգերինի․ «Աշխատելու ենք Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ»


Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Բրյուսել, 6-ը հոկտեմբերի, 2014թ․
Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Բրյուսել, 6-ը հոկտեմբերի, 2014թ․

ԵՄ արտաքին հարաբերությունների գծով ապագա թիվ մեկ պաշտոնյան խոստանում է շատ ավելի լուրջ ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ:

Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով ընդամենը երեք շաբաթ անց` նոյեմբերի 1-ին, Քեթրին Էշթոնին կփոխարինի Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում, հայտարարում է, որ Եվրամիությունը աշխատելու է Հայաստանի հետ: Դրա հետ մեկտեղ, նա հասկացնում է` այսուհետ Հայաստանը Բրյուսելում դիտարկվելու է Բելառուսի և Ադրբեջանի հետ նույն խմբում:

«Մենք աշխատելու ենք Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ` փորձելով առաջ շարժվել: Մեզ անհրաժեշտ է նաև աջակցություն ցուցաբերել Վրաստանին և Մոլդովային: Հատկապես առաջիկա ամիսներին դա շատ կարևոր է», - հայտարարեց Մոգերինին երկուշաբթի օրը Եվրոպական խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ:

Եվրամիության` արտաքին հարաբերությունների գծով ապագա թիվ մեկ պաշտոնյան խոստանում է նաև շատ ավելի լուրջ ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ` այստեղ ընդդիմության գրեթե լիակատար ջախջախման ֆոնին: Մոգերինիի համոզմամբ՝ Բաքվի հետ էներգետիկ համագործակցության և Ադրբեջանում մարդու իրավունքերի պաշտպանության սկզբունքները չպետք է հակասեն միմյանց:

«Մենք բավական մեծ ներդրումներ ենք իրականացնում Ադրբեջանի էներգետիկ ոլորտում, և Բաքվում շատ լավ գիտեն, թե որքան կարևոր է մեզ համար էներգակիրների թե՛ աղբյուրների և թե՛ մատակարարման ուղիների բազմազանեցումը: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ մենք շատ ավելի ակտիվորեն պետք է ընդգծենք [Ադրբեջանում] մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ակտիվիստների և լրատվամիջոցների ազատ գործունեության անհրաժեշտությունը», - նշում էր Մոգերինին:

Եվրոպական խորհրդարանում կայացած լսումների ժամանակ Եվրամիության ապագա ղեկավարներից մեկը հպանցիկ և ընդհանուր առմամբ դրականորեն արտահայտվեց նաև Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին: Ուշագրավ է սակայն, որ Մոգերինին հավասարության նշան է դնում 1999 թվականից Եվրամիության անդամակցության թեկնածու հանդիսացող Թուրքիայի և վերջին տարիներին այդ կարգավիճակը ստացած Սերբիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի միջև:

«Սկսելով Բալկաններից և Թուրքիայից՝ ցանկանում եմ ընդգծել`վստահ եմ, որ ընդարձակման քաղաքականությունը լավագույն, եթե ոչ միակ երաշխիքն է, որ կապահովի երկարաժամկետ անցումը դեպի ժողովրդավարություն, կայունություն և տնտեսական զարգացում», - հայտարարեց իտալացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG