Մատչելիության հղումներ

Դաշտավանում 100-ից ավելի տնտեսություն մնացել է առանց ջրի


Նախարարությունը «ապօրինի» որակելով՝ ապամոնտաժել է 6 տարի գյուղացիներին ծառայած խորքային հորը:

Արարատի Դաշտավան գյուղի բնակիչ Գայանե Մանուկյանն աշնանը չի կարող իր 7 հազար մետր հողամասում ցորեն ցանել, որովհետև Բնապահպանության նախարարությունն այսօր առավոտյան Գայանեին և մյուս գյուղացիներին զրկել է ոռոգման ջրից:

Գյուղացիների խոսքով՝ տարիներ շարունակ գյուղի 150 ընտանիքի պատկանող 60 հեկտար հողատարածքները ոռոգվել են այն խորքային հորից, որի շահագործումը Բնապահպանության նախարարությունն այսօր համարել է ապօրինի ու առավոտյան ապամոնտաժել:

«Իմ երեխեն էդ ջրով ա սնվում, էդ ջրով ենք ապրում մենք, գյուղացի մարդ ենք, էդ մի հողն ա մնացել: Էսօրվա դրությամբ, որ կտրեցին, ուրեմն մենք պիտի քոչենք գնանք էստեղից», - ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղում աշխատատեղ գրեթե չկա, գյուղացիների գերակշիռ մասը զբաղվում է հողագործությամբ: Ըստ նրանց՝ առանց ջրի կզրկվեն ապրուստի միակ միջոցից: Պնդում են, որ տարիներ շարունակ վճարել են ոռոգման ջրի համար, այս տարվա գումարը նույնպես արդեն մուծել են, բայց ջուրն առավոտյան արդեն չկար:

«Մենք 6 տարի էս ջրից օգտվել ենք: Էդ 6 տարվա մեջ ապօրինի չի եղել, հիմա դարձավ ապօրինի՞», - հարցրեց Դաշտավանի բնակիչներից մեկը:

Այսօր գյուղացիները փակեցին գյուղի միջով անցնող Մասիս-էջմիածին ճանապարհը. քիչ անց, սակայն, ոստիկանների միջամտությամբ երթևեկությունը վերականգնվեց: Գյուղացիներից մեկը աղաղակեց, թե պաշտոնյաների ձկնաբուծարաններին է անհրաժեշտ իրենց ոռոգման ջուրը, և հենց այդ պատճառով են իրանց ջրից զրկում:

Ոտքի կանգնած բնակիչների հետ հանդիպման էր եկել բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով ասաց, թե այդ հորը գտնվում է «Սանասար Խաչատրյան» ապօրինի ձկնագործի տնտեսությունում, իսկ հարակից դաշտավայրերը մշակվել են այդ հորի ելքային ջրերով: Սա, ըստ փոխնախարարի, ապօրինի գործունեություն է:

«Ազատության» հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ ոռոգման պատասխանատուն ջրօգտագործողների ընկերությունն է, որին նախարարությունը պարտադրել է այլընտրանքային ճանապարհով գյուղացիներին ջուր մատակարարել․ - «Իսկ մենք պարտավոր ենք մեր հանձնարարությունները և գործողությունները կատարել, այն է՝ ապօրինի ձկնաբուծական տնտեսությունում հայտնաբերված խորքային հորերը լուծարել»:

Նախարարի տեղակալից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք գյուղացիների մտահոգությունը տեղին է, որ խոշոր պաշտոնյաներին պատկանող ձկնաբուծարանները ջրով ապահովելու համար է իրենց ջուրը կտրվում: Հակոբյանն ասաց, որ իրենք մի շարք խոշոր ապօրինի ձկնաբուծարաններում նույնպես նման հորեր են հայտնաբերել, և ապօրինությունը կանխելիս չեն հետաքրքրվում, թե ով է սեփականատերը: Նրա այս խոսքերը գյուղացիները անլուրջ համարեցին:

Ուշագրավ է այն փաստը, սակայն, որ նախարարությունը չի սպասել այլընտրանքային ջրի անցկացմանը: Հենց դա էր գյուղացիների դժգոհության պատճառը: Նախարարի տեղակալի նշած ապօրինի ձկնագործը՝ Սանասար Խաչատրյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք այլևս ձուկ չեն բուծում, որովհետև չեն ստացել նախարարության թույլտվությունը:

«Մենք հետո ենք պարզել, որ մեր տարածքում կա այդ հորը: Այսինքն, եթե մենք հայտնաբերել ենք, որ մեր հողատարածքում կա արտեզյան ջուր․․․ Շատ մեծ ճահիճ էր գոյացել այստեղ, որ հնարավոր չէր նույնիսկ ջուրը բաշխել հավասար մասերի: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ փոքրիկ հորեր ձեռնարկենք, ձուկ լցնենք, մենք չենք ժխտում, և նաև ես տեղեկացրել եմ նախարարությանը ու խնդրել եմ համապատասխան որոշում՝ թույլ տալու այդ ձկները պահելու համար և որ երկրորդական ջրերը ոռոգման նպատակով ծառայեն բնակիչներին: Թույլտվությունը չստացանք, դրա համար էլ նորից ձկները հանեցինք ու այսօր նորից խնդրի առաջ ենք, որ ջուրը չունի համապատասխան թույլտվություն նույնիսկ ոռոգման նպատակով», - նշեց Խաչատրյանը:

Գյուղացիներն առավոտյան ապամոնտաժված ոռոգման ջրի խողովակը սեփական ուժերով վերականգնեցին: Այս պահին գյուղացիները ջուր ունեն, բայց դա ցանկացած պահի կարող է կրկին ապամոնտաժվել:

XS
SM
MD
LG