Մատչելիության հղումներ

logo-print

Ձեռներեցներն առայժմ գոհ են վարչապետի հետ բանակցություններից


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ երեկ ունեցած բանակցություններից և ձեռք բերված պայմանավորվածություններից ձեռներեցները ընդհանուր առմամբ գոհ են։

Կառավարությունը համաձայնել է մինչև փետրվարի 1-ը հետաձգել շատերին հուզող գույքագրման ու փաստաթղթավորման պահանջը։ Մինչ այդ, փաստորեն, ձեռներեցները ստիպված չեն լինի իրենց հիմնական գործը թողած՝ գույքագրել ապրանքներն ու ներկայացնել դրանց վերաբերյալ փաստաթղթեր։

Վիճահարույց օրենքի մյուս դրույթը կշարունակի գործել․ նախկին 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն ձեռներեցները կվճարեն 1 տոկոս։

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ձեռներեցներից Սամվել Գրիգորյանը փոխանցեց․ - «Նա հայտարարեց, որ էն, ինչ հիմա դուք ասում եք, այդ ամեն ինչը մենք գիտենք: Մենք ուզում ենք ուղղենք: Մենք ցույց տվեցինք, որ մեզնով ուղղելը դժվար կլինի, նույնիսկ անհնար կլինի»:

Հանդիպմանը, ըստ մասնակիցների, վարչապետը նաև ասել է, թե վերջնական նպատակը խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելն է, ու հավաստիացրել, թե հարկային մարմինների ուշադրության կենտրոնում առաջին հերթին հենց նրանք են լինելու։

Վարչապետի հետ հանդիպած ձեռներեցները հույս ունեն, որ առաջիկա ամիսների ընթացքում Կառավարությունը կկարողանա գույքագրման այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք չեն վնասի իրենց: Սակայն թե կոնկրետ ինչպիսի մեխանիզմների մասին է խոսքը, վարչապետի հետ բանակցած Փոքր ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը դեռևս չի պատկերացնում։

«Գույքագրումը պրոբլեմ է: Մենք էլ լուրջ ձևով ուսումնասիրում ենք դաշտը, որովհետև իսկապես խնդիր կա: Կան մանր խանութներ, որտեղ տեսականին մեծ է․ պիտի հաշվապահ պահեն, մի քանի հատ հաշվետարներ պահեն, որ կարողանան այս վիճակից դուրս գալ: Սա ծախսատար պրոցես ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասլանյանը:

Ձեռներեցներն ասում են, եթե փետրվարի 1-ից հետո Կառավարությունը չկատարի խոստումն ու բարենպաստ պայմաններ չստեղծի, իրենք կրկին փողոց դուրս կգան ու է՛լ ավելի խստացնեն բողոքի ալիքը։

XS
SM
MD
LG