Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական պատգամավոր․ «Իշխանափոխություն` արտահերթ թե հերթական, լինելու է»


Ոչ իշխանական եռյակի հանդիպումը, 7-ը հոկտեմբերի, 2014թ․

Ոչ իշխանական եռյակի հանդիպումը, 7-ը հոկտեմբերի, 2014թ․

Ոչ իշխանական եռյակի հանդիպման ժամանակ այսօր քննարկվել է իշխանափոխության հարցը:

Իշխանափոխություն՝ արտահերթ, թե հերթական՝ լինելու է: Այս մասին այսօր ոչ իշխանական եռյակի նիստից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպես է ԲՀԿ-ն պատկերացնում իշխանափոխության իրականացումը:

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքում Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ֊ի խորհրդարանական խմբակցության քարտուղար) առաջին անգամ միացավ «Ժառանգության» և ՀԱԿ-ի իշխանափոխության պահանջին՝ հայտարարելով, որ այս իշխանությունը պիտի հեռանա։

Ազատություն․ - «Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանափոխությունը»:

Ստեփան Մարգարյան․ - «Իշխանափոխություն է այն, որ մենք դեմ ենք Սահմանադրության փոփոխությանը, որը որ թույլ չի տալիս իշխանություններին վերարտադրվելու: Հայաստանում իշխանությունը փոխվելու է, դա մենք միշտ ասել ենք, այդպիսին է մեր Սահմանադրությունը: Մենք գործ ունենք գնացող նախագահի հետ, մենք գործ ունենք նախագահի հետ գնացող իշխանության հետ: Եթե ոչինչ էլ չպատահի, ժամկետը լրանում է, և գնում է իշխանությունը: Դա փոխվելու է: Դա նշանակում է՝ եթե մենք սահմանադրական փոփոխությունները թույլ չենք տալիս, ապա իշխանափոխությունը երկրում լինում է՝ այսպես, թե այնպես: Այսինքն՝ իշխանափոխությունը՝ արտահերթ կամ ոչ արտահերթ, հերթական, երկրում անպայման լինելու է», - ասաց Ստեփան Մարգարյանը:

Ազատություն․ - «Հիմա Ձեր գլխավոր խնդիրը սահմանադրական բարեփոխումները կանխե՞լն է»:

Ստեփան Մարգարյան․ - «Մեր գլխավոր խնդիրը հիմա ոչ միայն Սահմանադրության փոփոխությունը կանխելն է, այլ նաև՝ հասկանալ վերջնականապես, թե արդյոք 12 կետերի շուրջ հիմնավոր խաչ է քաշված, թե սպասելի է առաջիկայում: Չի բացառվում, որ ինչ-որ մի բան առաջարկի Կառավարությունը, որը որ կանխատեսելի ապագայում ինչ-որ որոշակի փոփոխություններ կտա»:

Ազատություն․ - «Իսկ հակասություն չկա՞․ դուք իշխանափոխություն եք պահանջում, պնդում եք, որ այս իշխանությունը կործանման է տանում, բայց նաև որոշակի հույսեր եք կապում, որ այս իշխանությունը պետք է այդ 12 կետերն իրականացնի»:

Ստեփան Մարգարյան․ - «Ես չեմ տեսնում հակասություն: Հեռանալու ձև կա․ կարելի է հեռանալ՝ ավերելով ամեն ինչ, կարելի է հեռանալ՝ համագործակցված: Հեռանալը չի վիճարկվում, այո, բնականաբար»:

Նշենք, որ եռյակի՝ այսօր տեղի ունեցած նիստում քննարկվել են վաղը Գյումրիում կայանալիք հանրահավաքին, ինչպես նաև՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված համապետական հանրահավաքին առնչվող հարցեր:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու են նաև 3 քաղաքական ուժերի ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե այդ հարցը դեռևս որոշված չէ․ այդուհանդերձ, չի բացառվում, որ նրանք մասնակցեն կամ հոկտեմբերի 10-ին նախատեսված, կամ դրան հաջորդող հանրահավաքներին: Ամեն դեպքում, հանրահավաքները հոկտեմբերի 10-ով չեն ավարտվելու:

«Լիդերները Ազատության հրապարակում անպայման լինելու են: Մենք հիմա քննարկում ենք՝ ո՞ր պահին, որովհետև որևէ մեկը չի հայտարարել, որ լինելու է մեկ հանրահավաք: Սա տակտիկական հարց է: Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել, թե որ պահին են միանալու լիդերները», - ընդգծեց Ստեփանյանը:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ժողովրդին պահելու են Ազատության հրապարակում, Ստեփան Մարգարյանն ասաց, թե այդ մասին կտեղեկացնեն հանրահավաքի օրը, երբ կներկայացնեն իրենց ծրագիրը՝ այն, թե ինչպես են պատկերացնում շարժման գործընթացը և որ պահին ինչ են անելու:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք եռյակի ուժերը քննարկել են, թե ինչպես են արձագանքելու հանրահավաքների ժամանակ իշխանությունների հնարավոր բռնություններին:

«Գրեթե բոլոր սցենարների համար մենք պատրաստում ենք մեր պահվածքը: Կհայտարարենք ամեն մեկը իր տեղում», - նշեց պատգամավորը:

XS
SM
MD
LG