Մատչելիության հղումներ

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն ընդգծում է՝ նրանք մեծ խիզախություն են դրսևորում իրենց երկրում ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքներն առաջ տանելու համար։

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն Անդրեյ Սախարովի անվան Ազատության մրցանակը շնորհել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին։

«Ցավալի է, որ անհնար է նշել նրանց բոլորի անունները», - հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բյորն Էնգեսլանդը՝ հավելելով․ - «Նրանք մեծ խիզախություն են դրսևորում և ահռելի աշխատանք կատարում իրենց երկրում արժանապատվությունը, ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքներն առաջ տանելու համար»։

Կոմիտեի հաղորդագրությունում ընդգծվում է. - «Օսլոյի գործընկերը համարվող Ադրբեջանը մի երկիր է, որտեղ քաղաքացիական հասարակությունը ճնշումների է ենթարկվում»։

Ադրբեջանում է գործում նորվեգական Statoil նավթագազային ընկերությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ նավթով և գազով հարուստ այդ երկրում իշխանությունները ձերբակալությունների միջոցով ստիպել են լռել քննադատներին։

«Ադրբեջանում ճգնաժամը շարունակվում է երկար տարիներ, սակայն իշխանությունները դեռ համարժեք արձագանք չեն ստացել միջազգային հանրությունից», - հայտարարում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն։

Կոմիտեի ներկայացրած քաղբանտարկյալների 98-հոգանոց ցուցակում ներկայացված են տասնյակ լրագրողներ և բլոգերներ, իրավապաշտպաններ, իրավաբաններ, երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ, ընդդիմության առաջնորդներ։

Հելսինկյան կոմիտեն հատուկ ընդգծել է իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Անար Մամադլիի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի ձերբակալությունները։

1980 թվականին հիմնված այս մրցանակը շնորհվում է իրենց կարծիքի, համոզմունքների և խղճի համար ազատազրկվածներին կամ հետապնդումների ենթարկվողներին։

Սախարովի անվան մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

XS
SM
MD
LG