Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան. «Եվրոպական իրավապաշտպանական ինստիտուտները վերածվել են բյուրոկրատական ապարատի»


Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ

Եվրոպական նման կառույցներն այսօր միայն բարձր աշխատավարձ են ստանում և վերջ, ասում է Վարդան Հարությունյանը:

Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, վերջին տարիներին եվրոպական իրավապաշտպանական ինստիտուտները վերածվել են բյուրոկրատական ապարատի, որը ժամանակ առ ժամանակ գործում է ընդամենը նշելու համար, որ «դա արվեց», սակայն նրանց այցելությունները, կատարած գործը հայաստանյան կյանքի վրա որևէ ազդեցություն չի ունենում։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը։ Վերջինս «Ազատության»-ն ասել էր, թե 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունների թեման իրեն հետաքրքրում է։

Կիրակի օրը հանձնակատարին էին հանդիպել նաև Շանթ Հարությունյանի և նրա կալանավորված ընկերների հարազատներն ու ներկայացրեցին «Նոյեմբերի 5»-ի գործի մանրամասները: Մուժնիեկսն էլ «Ազատության»-ն ասել էր, թե կուսումնասիրի Շանթի գործն ու գնահատականներ կտա, մինչ այդ ձեռնպահ էր մնացել հայտարարություններ անելուց։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եվրոպացին եվրոպացու հայացքով պետք է նայի Հայաստանին և իր ճշգրիտ գնահատականները տա, բայց 2008 թվականից սկսած տարեցտարի այցելություններից հետո ինքը եկել է այն եզրահանգման, որ նրանք ընդամենը դա անում են, որովհետև պետք է անեն՝ աշխատանք է։

«Նրանք ստանում են բարձր աշխատավարձ: Լավ է, որ գալիս են, լավ է, որ ուսումնասիրում են, լավ է, որ հրապարակում են իրենց զեկույցները՝ խիստ թե ոչ այնքան խիստ, շատ ճշմարտությանը մոտ թե ոչ այնքան մոտ, բայց դրանք մեր կյանքի վրա չեն ազդում», - ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների իշխանությունները դա հասկացել են ու գիտեն, որ եվրոպական նման կառույցներն ընդամենը աշխատավարձ են ստանում և վերջ։

«Եվրոպան և եվրոպական արժեքները ներկայացնող մարդիկ դարձել են բյուրոկրատներ։ Դա նրանից է, որ նրանք՝ եվրոպացիներն այսօրվա, կարծում են՝ ստացել են իրենց ազատությունները, իրենց դեմոկրատիան, իրենց ժողովորդավարությունը որպես ժառանգություն», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Նրանց պապերն են իրենց քրտինքը, իրենց արյունը հղել դրանց համար։ Նրանց պապերը դրա արժեքը գիտեին, իսկ սրանք՝ թոռները կամ ծոռները, դրա արժեքը չգիտեն, դրա համար գալիս են մեր մոտ, նայում են և, ասենք, ընտրությունները գրում են՝ համապատասխանում է եվրոպական չափանիշներին, կամ, ես չգիտեմ, հայաստանյան, ուզբեկստանյան կամ ադրբեջանական իշխանությունները, հա, վատն են, բայց, ըստ էության, համապատասխանում են այս կամ այն չափորոշիչներին»։

«Դա մի քիչ տխրեցնող է, դա եվրոպական չի, բայց դա մեր իրականությունն է», - ասաց Վարդան Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG