Մատչելիության հղումներ

logo-print

ԱԳ նախարարը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին


ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկս, արխիվ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկս, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը կարևորում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ ընդունելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մյուժնիկսը նշել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը, կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։

Նալբանդյանը հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:

Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG