Մատչելիության հղումներ

logo-print

Էբոլա հիվանդությամբ ԱՄՆ-ում հիվանդանոց տեղափոխված առայժմ միակ անձնավորության՝ լիբերիացի Էրիք Դանքընի առողջական վիճակը Տեխասի հիվանդանոցի բժիշկներն արդեն համարում են ծայրահեղ ծանր։

Էբոլայի առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց երկու օրից մինչև երեք շաբաթվա ընթացքում՝ բարձր ջերմություն, կոկորդի ու մկանային ցավեր, ինչպես նաև՝ ուժեղ գլխացավեր։ Այնուհետև սկսվում է և՛ ներքին, և՛ արտաքին արյունահոսություն։ Հիվանդների մոտավորապես 75 տոկոսը մահանում է, քանի որ մինչ այժմ չկա այս հիվանդությունը բուժելու դեղամիջոց։ Իսկ փորձարարական դեղամիջոցը, որը ստեղծել են ԱՄՆ-ի բժիշկները, Դանքընի նկատմամբ չի կիրառվելու, քանի որ կա մտահոգություն, որ այն կարող է դնել նրա կյանքի վերջակետը։

Այժմ սուր քննադատության են ենթարկվում Դալաս քաղաքի հիվանդանոցի բժիշկները, ովքեր հիվանդությունն ախտորոշելուց հետո Դանքընին անմիջապես չեն մեկուսացրել, ինչի արդյունքում մոտ հազար մարդ կարող է ներկայումս կրել հիվանդության վարակը։

Սակայն մարդիկ ԱՄՆ-ում դեռևս հիմնականում հանգիստ են։ Այս հարցում մեծապես վստահելով երկրի առողջապահական համակարգին՝ նրանք հավատացած են, որ համաճարակի տարածումն այստեղ կկանխվի։

Բայց չպետք է մոռանալ, ասում են մասնագետները, որ եթե 1976 թվականին առաջին անգամ հայտնաբերվելուց հետո մինչև 2Օ13 թվականն այս հիվանդությամբ վարակվել էր 1716 մարդ, ապա միայն 2Օ14 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Արևմտյան Աֆրիկայում արթնացած այս հիվանդությամբ է վարակվել 7 հազար 16Օ մարդ, որոնցից 3 հազար 33Օ-ն արդեն մահացել է։ Այդ պատճառով են նրանք ասում, որ էբոլան վերացնելու համար պայքարը պիտի ծավալվի բնօրրանում՝ Արևմտյան Աֆրիկայում, ու վարակը պիտի վերացվի միջազգային ջանքերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG