Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն միացավ ամբողջական իշխանափոխության կոչերին


Վանաձորում ոչ իշխանական եռյակի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության»՝ ամբողջական իշխանափոխության կոչերին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան»-ը:

«Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա՛ է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին»,- հայտարարեց ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր խնդիրն անկատար Սահմանադրությունը չէ, մեր խնդիրն անկատար իշխանությունն է, որը մտածում է մեկ բանի մասին՝ սահմանադրական փոփոխություններով ևս 10 տարի շարունակել իր ազգակործան քաղաքականությունը»,- շարունակեց Զոհրաբյանը.- «Սիրելի ժողովուրդ, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, բայց դուք էլ պիտի կանգնեք մեր թիկունքին»:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կրկին պնդեց, որ երկրում «եզակի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանությունը մնացել է միայնակ, իսկ ընդդիմախոսները միավորվել են»․ - «Մի փոքր նույնիսկ վհատություն կարող է լինել, թե արդյոք այս անգամ լինելու է [իշխանափոխություն]: Եթե դուք կանգնեք, մեզ ստիպեք, լինելո՚ւ է դա»:

Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ) անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանը նաև այդտեղ է տապալվել․ եթե ժամանակին հպարտանում էին ղարաբաղյան քաղաքականությամբ, ապա այսօր արդեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում անկհայտ հակահայ ձևակերպումներով փաստաթուղթ է ընդունվել:

«Մարտի 1-ով, Հովիկ Աբրահամյաններ, Սերժիկ Սարգսյաններ, մեզ չվախեցնեք: Հլա մի հատ տեսնենք՝ ժողովուրդը որ կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը», - հավելեց նա:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ ընդդիմադիրները ևս մեկ անգամ պնդեցին, թե «լսելու են ժողովրդի կարծիքն ու գնալու են մինչև վերջ»:

«Այս անգամ փոփոխություններն անպայման ստացվելու են», - հայտարարեց Միքայել Մելքումյանը (ԲՀԿ)․ - «Այսօր եթե ժողովուրդը հավատաց, նա սարեր է շուռ տալու: Սակայն ես նորից եմ ուզում ձեզ ասել՝ ժողովո՛ւրդ, դուք ուզո՞ւմ եք համակարգային փոփոխություններ․․․ ուրեմն մենք միասին գնալու ենք առաջ և այդ փոփոխությունները պետք է լինեն․․․ Այս անգամ անպայման այդ փոփոխությունները լինելու են»:

Եռյակը հաջորդ հանրահավաքը կանցկացնի երկու օրից Գյումրիում:

XS
SM
MD
LG