Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբան. «Լևոն Բարսեղյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել»


Վարչական դատարանի Գյումրիի նստավայրում այսօր շարունակվեց Ոստիկանությունն ընդդեմ Լևոն Բարսեղյանի վարչական վարույթի քննությունը:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն դատարանում կրկին պնդեց՝ իրավապաշտպանը դեմ է գնացել ոստիկանությանը, դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ «Դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի ակցիայի ժամանակ չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջին, ինչից հետո ձերբակալվել և բերման է ենթարկվել։

Ոտսիկանությունը պահանջեց Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Բարսեղյանը չընդունեց մեղադրանքը: Պատասխանողի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ոստիկանությունից հետաքրքրվեց, թե արդյոք նույն օրը մարդիկ են բերման ենթարկվել նաև Նալբանդյան փողոցից, որտեղ այդ օրը հանդիսավոր կերպով բացվում էր հայ-ռուսական բարեկամության արձանը:

Զեյնալյանը, հարցին հստակ պատասխան չստանալով, հայտարարեց, որ Լևոն Բարսեղյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևովել:

«Պետությունը պարտավոր է առնվազն քննության առարկա դարձնել մեր այս փաստարկը և քննության արդյունքում կարող է հանգել եզրակացության, որ, ենթադրենք, Պուտինի կողմնակիցների արյունը, սպիտակ է, մեր վստահորդներինը՝ կարմիր։ Դրա համար, այդ հիմքով պայմանավորված, դրանց չպետք է ասվեր, որ ձեր աչքի վերևում ունք կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զեյնալյանը։

Փաստաբանի խոսքով՝ այդ օրը տասից ավելի անձինք են բերման ենթարկվել ոստիկանություն, երբ այդտեղ ներկա են գտնվել և նույն արարքը կատարել հարյուրից ավելի անձինք։

«Կամ այդ տասնյակից ավելի անձանց՝ ում որ բերման են ենթարկել ոստիկանություն, նրանց մի մասին նկատմամբ արձանագրություն չի կազմվել, մի մասի նկատմամբ կազմվել է։ Ո՞րն է այս տարբերակված մոտեցման հիմքը։ Մեկ այլ բան՝ նրանց նկատմամբ, ում նկատմամբ, որ արձանագրություն կազմվել է, բոլորի դեմ չի, որ հայցով ներկայացվել է դատարան, սա էլ մեկ այլ տարբերակման մակարդակ, աստիճան», - ասաց Զեյնալյանը։

Փաստաբանի համոզմամբ՝ ոստիկանությունը ուղղակի հալածանք է իրականացնում կոնկրետ անձանց նկատմամաբ․ - «Սա արգելված վերաբերմունք է, այսպիսի վերաբերմունքն արգելված է իրավական պետությունում, ժողովրդավարական հասարակարգում»։

Լևոն Բարսեղյանին ձերբակալելուց և Կենտրոնի բաժին տեղափոխելուց հետո կազմված արձանագրությունների ժամանակագրությունը վերլուծելուց հետո պատասխանող կողմը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է Բարսեղյանը սահմանվածից շուրջ երկու ժամ ավելի պահվել ոստիկանությունում:

«Ինձ ոստիկանություն են տարել 14։30-ին, և բոլոր գործողություններն ավարտել են 15։30-ին, սակայն ինձ պահել են այնտեղ ևս երկու ժամից ավելի։ Իրենց գրած թվերն են դրանք, ասում եմ՝ ի՞նչ հիմքով եք պահել․․․ չունի բացատրություն։ Այսինքն՝ իրենց նպատակն է եղել առնվազն խափանել հանրահավաքը, հանրահավաքների իրավունքների անօրինական սահմանափակում են արել, ըստ էության», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։

Ոստիկանի գրած արձանագրությունը փաստորեն հիմք է հադիսացել վարչական վարույթն իրականացնելու համար։ Արտակ Զեյնալյանը նշեց, որ վարույթն անօրինական է․ - «Բոլոր դեպքերում հայցերը հիմնավոր չեն, վարչական վարույթն ապօրինաբար է իրականացվել։ Ոստիկանները գրագետ չեն, ուղղակի ձևականորեն ինչ-որ մի բան գրում են՝ հետագայում հույս ունենալով կամ համոզված լինելով, որ դա կհաստատվի, կկարողանան անցկացնել։ Որևէ օրինական հիմք չկա այս վարույթների համար»։

Նշեմ, որ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածների առաջին խումբը՝ մոտ 20 հոգի, հայցով դիմել են դատարան ոստիկանների գործողությունների դեմ՝ գտնելով, որ ոստիկանները սահմանափակել են իրենց խաղաղ բողոքի երթ անցկացնելու սահմանադրական իրավունքը: Դատական որևէ ատյան հայցը վարույթ չի ընդունել: Հիմա Սահմանադրական դատարան բողոք է նեկայացվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG