Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի ադրբեջանամետ պատգամավորը Ղարաբաղի մասին զեկույց կկազմի


Վեհաժողովն ընդառաջել է Ադրբեջանի պահանջին և ընդունել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով որոշումը։

Գրավյալ տարածքներ, փախստականներ, բռնություն, ագրեսիա. սրանք Ադրբեջանի կողմից ամենուր և պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներն են, որոնք անցած շաբաթ տեղ գտան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված փաստաթղթում:

Չնայած հայկական պատվիրակության ընդդիմությանը՝ վեհաժողովն ընդառաջեց Ադրբեջանի պահանջին և ընդունեց «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով որոշումը, որի համաձայն առաջիկա 1.5-2 տարվա ընթացքում ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղ է ուղարկելու անգլիացի պատգամավոր Ռոբերթ Վոլթերին։ Վերջինս կծանոթանա իրավիճակին, զեկույց կկազմի և կներկայացնի ԵԽԽՎ-ին։

Ռոբերթ Վոլթերը 2013 թվականին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր, ում գնահատականը էապես տարբերվեց մյուսներից։ Նա թերևս արևմտյան միակ դիտորդն էր, ով պնդեց, թե Ադրբեջանի նախագահն ընտրվեց ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում։ Վոլթերի գնահատականը կասկածի տակ դրեց հատկապես հեղինակավոր «Գարդիան» պարբերականը՝ պնդելով, թե եվրոպացի պատգամավորների՝ Բաքու կատարած գործուղումը մի իսկական արձակուրդ էր։

«Արքայավել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսե գորգեր և գումարներ»,- ասվում է Ջեյմի Դովարդի և Շառլոթ Լաթիմերի հոդվածում։

Վոլթերը նաև «Խավիարային դիվանագիտություն. Ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» հայտնի զեկույցի գլխավոր հերոսներից մեկն է, և ինչպես «Եվրոպական կայունություն» նախաձեռնությունն էր փաստել՝ Ադրբեջանի գլխավոր քարոզիչը միջազգային ասպարեզում։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը «խայտառակ պարտություն» է որակում ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը՝ այն վերագրելով Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը։

«Այդ խայտառակ պարտությունը տարել է, որովհետև այս քանի տարիների ընթացքում Հայաստանի դիրքերը թուլացել են Սերժ Սարգսյանի այսպես կոչված նախաձեռնողական քաղաքականության հետևանքով։ Եվ երկրորդը՝ իշխանության կողմից բացակայում է որևէ քաղաքական հաշվարկ, ստրատեգիա, համակարգված աշխատանք, որը կարողանար համատեղել պատվիրակության անդամների և տարբեր մայրաքաղաքներում գործող մեր դիվանագիտական կորպուսի ջանքերը։ Հայաստանի իշխանությունների պահվածքը Ստրասբուրգում էլ երրորդ աղետն էր, որը բերեց նրան, որ մենք ստացել ենք ամենախայտառակ որոշումներից մեկը»,- ասաց Զուրաբյանը։

Պաշտոնական Ստեփանակերտը մինչդեռ նկատել է տալիս, որ ԵԽԽՎ-ի փաստաթղթերն ու զեկույցները որևէ իրավական ուժ չունեն։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ափսոսանք է հայտնում, որ կազմվելիք զեկույցը դեռ չգրված` ԵԽԽՎ-ն ի սկզբանե Ղարաբաղը դիտարկում է որպես օկուպացված տարածք։ Մյուս կողմից էլ ուրախ են այն հնարավորության համար, որն ընձեռվել է Վոլթերին՝ անձամբ տեսնելու Ղարաբաղը և համեմատելու իր վարքով արդեն աշխարհին հայտնի Ադրբեջանի հետ։

«Եթե նրանք ուզում են իրականությունը պատկերացնել, սա մեծ բան է, սրան կարելի է ընդառաջել։ Մենք շահագրգռված ենք, որ ցանկացած կազմակերպություն, անկախ իր լիազորություններից, ունենա անկողմնակալ պատկերացում։ Բայց եթե լինելու են քաղաքական շահարկումներ, Ղարաբաղը ներկայացվելու է որպես գրավյալ տարածք, կարծում եմ, այստեղ այդքան էլ նպատակահարմար չի լինելու»,- փոխանցեց Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG