Մատչելիության հղումներ

«Յուվեցի Կարոյի» փեսայի մեղադրանքը ծանրացվել է «դիվիդենտներ շահելու նպատակով»


Գոռ Առաքելյանի փաստաբանը նրա մեղադրանքը ծանրացնելու որոշման մեջ տեսնում է իրավաբանության հետ կապ չունեցող դրդապատճառներ։

«Վերնիսաժ»-ի կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի փաստաբանը նրա մեղադրանքը ծանրացնելու որոշման մեջ տեսնում է իրավաբանության հետ կապ չունեցող դրդապատճառներ։

Այսօր հրավիրած ասուլիսում Երեմ Սարգսյանը կասկածի տակ առնելով քննության անաչառությունը՝ չբացառեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր «Յուվեցի Կարո» մականունով հայտնի Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի մեղադրանքի խստացումը կարող է հետապնդել զուտ PR նպատակներ. այսինքն` որպես աղմկոտ գործ, թերևս փորձ է արվում ցույց տալ, որ խիստ են դատելու։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն Ոստիկանության քննչական բաժնից գործը ստանալուց և ուսումնասիրելուց հետո որոշել է Առաքելյանին ի սկզբանե առաջադրված սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքին ավելացնել ևս երկուսը․ այժմ նա մեղադրվում է նաև երկուսից ավելի անձանց առողջությանը, մեկ անձի էլ՝ միջին ծանրության վնաս պառճառելու մեջ:

«Կոնկրետ նպատակ ունեն իրենց առջեւ դրած. ոչ թե գործը արդարացի լուծման տանել, այլ կոնկրետ այսպիսի գործերով ինչ-որ դիվիդենտներ շահել: Թե ինչ նկատառումներով՝ արդեն իրենք լավ գիտեն», - ասաց Սարգսյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Աղվան Հովսեփյանն է փորձում դիվիդենտներ շահել», փաստաբանը հակադարձեց․ - «Քանի որ Քննչական կոմիտեն դեռևս նոր է ձևավորվում, ես չեմ կարող միանշանակ պնդել, որ այստեղ հենց կոնկրետ ղեկավարի՝ Քննչական կոմիտեի ղեկավարի դիրքորոշումն է, բայց չի էլ բացառվում։ Բայց ես հասկանում եմ, որ սա նաև միասնական դիրքորոշում է. ընդհանուր ֆոն է ստեղծվում, որ «տեսեք, թե մենք ինչ արդար ենք»»։

Քննչական կոմիտեն իր վերջին հաղորդագրության մեջ վկայակոչելով մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները՝ նշել էր, որ Գոռ Առաքելյանը փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերի Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր ու միջին ծանրության վնասվածքներ է հասցրել պատահական երեք քաղաքացիների: Առաքելյանի փաստաբանը հայտարարեց, որ ո՛չ դիտավորությամբ, ո՛չ սպանության փորձի մասին «խոսք լինել չի կարող», քանի որ սպանելու նպատակ ունեցողը չի կրակի մարդկանց ոտքերին կամ գետնին, այն էլ՝ երեք մետր հեռավորություներից

Բոլորի վնասվածքները, բացի Վալերի Հովհաննիսյանից, հասցված են ոտքերի շրջանում: Իսկ Վալերի Հովհաննիսյանը նաև որովայնից է վիրավորվել, որովհետև Երեմ Սարգսյանի հավաստմամբ՝ կրակելու պահին նա մեքենայում նստած դիրքում է եղել:

«Գոռ Առաքելյանի կողմից կրակոցները արձակվել են ներք ուղղված ուղղությամբ։ Մենք ունենք երկու հետացանկ, այսինքն՝ գետնին դիպչելով ռիկոշետի ենթարկվել: Ի՞նչ է սա վկայում․ որ անձը միանգամից գետնին է կրակել, այսինքն սպանելու նպատակ չի ունեցել: Ներսես Մելքոնյանի վնասվածքը չորսն էլ ոտքի, ազդրի շրջանում են, երբ որ դիմացը կանգնած է: Վալերի Հովհաննիսյանինը կրկին ոտքի և որովայնի մասում է, այն էլ՝ նստած դիրքում: Երեք պատահական անցորդներինը ոտքերի շրջաններում է, նույնիսկ մեկինը՝ կրունկի հատվածում է եւ բոլոր անցորդների վերաբերյալ եզրակացություններում նշված է, որ նրանք կամ հետացատկի ենթարկված գնդակի հետևանքով են վնասվել, կամ միջանցիկ կրակոցով։ Այսինքն, օրինակ,Ներսես Մելքոնյանի ոտքի միջով անցել է և վնասել որևէ մեկին: Այս տվյալները նախաքննական մարմինը և դատախազությունը իր հսկողությամբ չեն ցանկանում տեսնել», - ասաց փաստաբանը՝ հերքելով Վալերի Հովհաննիսյանի հարազատների պնդումները, թե Գոռ Առաքելյանը դիտավորյալ բացել է Վալերի Հովհաննիսյանի մեքենայի դուռն ու կրակել նրա վրա։ Ասաց, որ մեքենայի դուռը բաց է եղել։ Նա հերքեց նաև այն կասկածները, որ Առաքելյանի հետ էլի ինչ-որ տղամարդիկ են եղել, որոնց մասին տեղեկատվությունը թաքցվում է։

Ու քանի որ Երեմ Սարգսյանը ակնհայտ շտապողականություն էր տեսնում Գոռ Առաքելյանի մեղադրանքը ծանրացնելու՝ Քննչական մարմնի գործողություններում, փորձեցինք ճշտել արդյո՞ք այստեղ քաղաքական շարժառիթներ ևս կարող են լինել՝ հաշվի առնելով, որ խոսքը ԲՀԿ-ական պատգամավորի փեսայի մասին է, իսկ ԲՀԿ-ն վերջին շաբաթներին հանդես է գալիս հանրահավաքային ակտիվությամբ:

«Չեմ կարող որևէ բան բացառել: Բայց կարծում եմ, որ այստեղ ավելի շատ գործ ունենք հենց գործի հասարակական հնչեղության հետ», - ասաց Երեւմ Սարգսյանը։

Կարո Կարապետյանի օգնականն այսօր հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց, որ պատգամավորը հանրապետությունում չէ։

Նախօրեին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Կարապետյանն այսպես էր պատասխանել իր կուսակցական պատկանելության և հետապնդման հնարավոր քաղաքական շարժառիթների մասին լրագրողների հարցին. - «Ես երկրի նախագահին հարգում եմ, և իր ընտրություններում Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, ու էդ գիտեն բոլորը։ Ուրեմն ձեր էդ հարցերով ինձ չդիմեք»։

Հարցին՝ Դուք «Բարգավաճ» եք, ո՞նց եք նախագահին ձայն տվել, Դուք հիմա «Բարգավա՞ճ» եք, թե՞ Հանրապետական, Կարո Կարապետյանը պատասխանել էր. - «Ի՞նչ կապ ունի»:

Ինչ վերաբերում է պատգամավորի փեսայի մեղադրանքը ծանրացնելու որոշմանը «Բարգավաճ Հայաստան»-ի արձագանքին, ապա կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» փոխանցեց․ - «Օրենքը յուրաքանչյուրի համար է, առանց որևէ բացառության:: Եթե որևէ դեպքում որևէ իրավիճակում իրավական գործընթացից դուրս տեղի ունենան քաղաքական նկատառումներով թելադրվող գործողություններ, ապա մենք անմիջապես դրան կարձագանքենք»։

XS
SM
MD
LG