Մատչելիության հղումներ

ՓՄՁ-ի ներկայացուցիչների պնդմամբ՝ հաջողվել է փոխզիջումային տարբերակ գտնել


Մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների առևտրականներն այսօր երկու անգամ առանձին դեմ առ դեմ հանդիպում ունեցած վարչապետի հետ՝ «Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրենքի շուրջ։

Մի քանի ժամ շարունակված բանակցություններից հետո դրանց մասնակից առևտրականներից տեղեկացանք, որ կողմերին հաջողվել է փոխզիջումային տարբերակ գտնել, այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կառավարությոյւնը հանդես կգա հայտարարությամբ։

Այսօր առավոտյան առևտրականները դարձյալ ցույց էին անցկացնում կառավարության դիմաց՝ պահանջելով կասեցնել վիճահարույց օրենքն ու վերանայել յուրաքանչյուր ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնելու օրենսդրական պահանջը։

Ցույցի սկզբում առևտրականները չորս հոգանոց պատվիրակություն գործուղեցին վարչապետի մոտ։ Գործադիրի ղեկավարն ասաց, թե հանձնարարել է, որ այսուհետ յուրաքանչյուր բեռ մաքսազերծվի ներկրողի անունով անհատապես ու փաստաթղթավորված։

Մինչ հանդիպման մասնակիցները փակ դռների հետեում բանակցում էին՝ ցուցարարները դրսում կետ առ կետ ներկայացնում էին՝ ինչ են մտադիր անել, եթե Կառավարության պատասխանն իրենց չգոհացնի․ - «Մենք զգուշացնում ենք և հայտարարում ենք, որ այս շարժումը, այս ակցիան չի դադարելու։ Ավելին՝ ուժեղանալու է և ահանգնալու: Սա կարող է դառնալ գործող իշխանությունների Վատերլոոն: Ինչպես ասում են՝ յուրաքանչյուր Նապոլեոն ունի իր Վատերլոոն: Թող բարի լինեն ու հաշվի նստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ: Մենք ոչ մի ավելորդ բան չենք պահանջում»:

Հանդիպումից հետո Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Ասլանյանը հավաքվածներին ասաց, թե վարչապետը հակված է, որ խնդիրը «լուծվի մինչև վերջ» ու պատրաստ է «ամեն ինչով աջակցել փոքր ու միջին բիզնեսին»։

Հանդիպման մասնակիցներից առևտրով զբաղվող Սամսոն Գրիգորյանը ևս մի քանի մանրամաս ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի հետ քննարկումից․ - «Նախօրոք շատ եմ խնդրում բոլորիդ՝ չգոռանք սուտ ա ասել, ճիշտ ա ասելմ ինչ ա ասել, ոնց ա ասել․ էդ սաղ կերևա վերջում: Նրանք մեր դեմ չեմ․ իրենց հայտարարություններն եմ ձեզ փոխանցում: Իրանք չեն ուզում, որ մանր և միջին բիզնեսը փակվի: Դրա համար՝ կանեն բոլոր քայլերը, որ այդ թնջուկի լուծումը գտնվի և դուրս գանք սրա մեջից բոլորս միասին»:

Ցուցարարներից մեկի հարցին, թե երբ է դա լինելու, նա պատասխանեց․ - «Մենք էլ այդ հարցը տվեցինք վարչապետին: Նա ասաց՝ նենց չի, որ ես հիմա ստորագրեմ, ու էդ հարցը լուծվավ»:

Վարչապետը ցուցարարներին ուղղորդել էր ֆինանսների նախարարություն։ Նախարար Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումը շարունակվել է շուրջ մեկ ժամ, մանրամասներ չեն հրապարակվում։

Հայտնի է միայն, որ Ֆինանսների նախարարի հետ քննարկումներից հետո առևտրականների պատվիրակությունը դարձյալ հանդիպել է վարչապետի հետ, ինչից հետո էլ, ըստ ՓՄՁ ներկայացուցիչների, հոջողվել է փոխզիջումային տարբերակ գտնել։

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ից մինչև 58.350 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար շրջանառության հարկը 3.5-ից դարձել է 1 տոկոս, միևնույն ժամանակ փաստաթղթավորումը պարտադիր է, հակառակ դեպքում տնտեսվարողը կարող է զգուշացվել, ապա՝ տուգանվել:

ՓՄՁ ոլորտի ձեռներեցները նախընտրում են 3.5 տոկոս հարկ վճարել, միայն թե՝ առանց փաստաթուղթ ներկայացնելու:

XS
SM
MD
LG