Մատչելիության հղումներ

Չնայած Մադրիդի արգելքին՝ Կատալոնիան մտադիր է հանրաքվե անցկացնել


Իսպանիա – Կատալոնիայի անկախության աջակիցները բողոքի ցույց են անցկացնում Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշման դեմ, Բարսելոնա, 30-ը սեպտեմբերի, 2014թ․
Իսպանիա – Կատալոնիայի անկախության աջակիցները բողոքի ցույց են անցկացնում Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշման դեմ, Բարսելոնա, 30-ը սեպտեմբերի, 2014թ․

Կատալոնիան մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել՝ չնայած պաշտոնական Մադրիդի արգելքին, հայտարարել Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը՝ նշելով, որ հանրաքվեի անցկացման ամսաթիվը՝ նոյեմբերի 9-ը, անփոփոխ է մնում:

Հիշեցնենք՝ Իսպանիայի սահմանադրական դատարանը կասեցրել էր հանրաքվեի անցկացման մասին որոշումը 5 ամսով: Այդ ամիսների ընթացքում դատարանը պետք է հանրաքվեի անցկացման օրինականության մասին վերջնական վճիռ կայացնի: Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ Կատալոնիան չի կարող միայնակ որոշում կայացնել մի հարցի շուրջ, որը վերաբերում է բոլոր իսպանացիներին: Այս հայտարարությանը, մինչդեռ, հաջորդեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր ամբողջ Իսպանիայով մեկ:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ կամարտահայտումը Կատալոնիայում հակասում է Իսպանիայի սահմանադրությանը:

«Ոչ ոք և ոչինչ չի կարող պառակտել Իսպանիան», - ասել է նա:

Կատալոնիայի 7.5 միլիոն ազգաբնակչությունը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը: Այս երկրամասը արդյունաբերական առումով Իսպանիայի ամենազարգացած հատվածն է: Կատալոնացիների դժգոհության պատճառն այն է, որ իրենց երկրամասը, լինելով երկրի ամենահարուստ շրջանը, տուժում է Իսպանիայի տնտեսական ճգնաժամի պատճառով:

Ըստ վերջին հարցումների, կատալոնացիների ավելի քան 43 տոկոսը կողմ է, որ Կատալոնիան անջատվի Իսպանիայից, սակայն երբ խոսքը գնում է այն մասին, որ անկախանալուց հետո այն կարող է չմտնել Եվրոպական միություն, անկախության կողմնակիցների թիվը նվազում է շուրջ 5 տոկոսային կետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG