Մատչելիության հղումներ

Եռյակը խոստացավ միասնաբար իշխանափոխության խնդիր դնել


Եռյակի մարզային հանրահավաքներից մեկը, հոկտեմբեր, 2014թ․

Եռյակի մարզային հանրահավաքներից մեկը, հոկտեմբեր, 2014թ․

Երեք ոչ իշխանական ուժերը հերթական հանրահավաքն անցկացրեցին, այս անգամ՝ Իջևանում:

Ոչ իշխանական եռյակը շարունակում է հանրահավաքները Հայաստանի քաղաքներում: Սեպտեմբերի 26-ին Աբովյանում մեկնարկած հանրահավաքների շարքը շաբաթ օրը հասավ Իջևան:

Հանրահավաքին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել՝ տարբեր գյուղերից եկած, որոնք նշում էին, որ գյուղապետները իրենց համոզում էին չգալ, չմասնակցել:

Հանրահավաքում Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունները կրկին հնչեցրեցին իշխանափոխության կոչեր՝ նշելով, որ առանց այս իշխանությունների հեռացման որևէ փոփոխության դժվար է հասնել Հայաստանում: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որը, փաստորեն, մինչև հիմա իշխանափոխության կոչեր, ըստ էության, չէր հնչեցրել, խոսեց նաև իշխանափոխության անհրաժեշտության մասին, եթե այն բոլոր խնդիրները, որոնք այսօր բարձրացվում են, իշխանությունները չլուծեն:

ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, օրինակ, նկատեց, թե առաջին անգամն է, որ տարբեր քաղաքական կուսակցությունները հավաքվում են մի օրակարգի շուրջ, որը տնտեսական, սոցիալական օրակարգ է, այլ ոչ թե քաղաքական, և մի քանի անգամ հանրությանը հարցրեց՝ «դուք ուզո՞ւմ եք, որ երկրում փոփոխություններ լինեն, դուք ուզո՞ւմ եք, որ այս իշխանությունները հեռանան»: Մարդիկ պատասխանում էին՝ «այո», ու դժգոհություն հայտնում իշխանություններից նրանց աշխատանքի համար:

Ուրիխանյանը նաև շեշտեց, որ վեց օր հետո այս հարցերի պատասխանները իշխանությունը պետք է իրենց տա, հակառակ դեպքում եռյակը արդեն որոշում կկայացնի հետագա անելիքների մասին:

Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» ներկայացուցիչների քննադատություններն ու իշխանափոխության կոչերն ավելի սուր էին, ավելի հստակ:

Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ից, կրկին շեշտեց, որ այս իշխանությունները պետք է հեռանան: «Երեք քաղաքական ուժեր են միացել, որոնք ընդհանուր շատ քիչ բան ունեն, տարբեր գաղափարական ուժեր են, վտանգ են զգացել՝ վտանգ, որ երկիրը ձեռից գնում ա, վտանգ, որ հայը Հայաստանը լքում ա, և էդ երեք ուժերը եկել են իրար կողքի կանգնել, եկել են ձեզ ասում են՝ «ժողովուրդ, եղիր չորրորդ ուժը, կամ եղիր առաջին ուժը»: Եվ եթե դուք մեզ առաջնորդեք, մեզ հետ ուս-ուսի գաք, մենք ուժեղ կլինենք», - հայտարարեց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Եկեք՝ ձիով, ոտով, էշով, ավտոբուսով, կամքով՝ կարևորը կամքն ա պետք»:

«Մենք գնում ենք՝ դուք մեզ հետ գալի՞ս եք», - ընդդիմադիր գործչի այս հարցին հավաքվածները արձագանքեցին՝ «այո՛», ապա Մանուկյանը շարունակեց․ - «Գնում ենք հոկտեմբերի 10-ին սկսում ենք՝ դեպի հաղթանակ»:

«Հոկտեմբերի 10-ին սկսում ենք իշխանափոխության գործընթաց», - հայտարարեց «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը:

«Իսկապես՝ առանց իշխանափոխության ոչինչ հնարավոր չէ փոփոխել երկրում», - «Ժառանգության» ներկայացուցչի այս հայտարարությանը հանրահավաքի մասնակիցներից մեկը երկրորդեց՝ «ինչքան շուտ, էնքան՝ լավ», ինչին Մարտիրոսյանը, իր հերթին, արձագանքեց․ - «Ճիշտ եք, ինչքան շուտ, այնքան՝ լավ, և այդ շուտը ամսի 10-ին պետք է սկսի՝ ձեր հետ միասին»:

«Ուրեմն, մենք միասի՛ն, հոկտեմբերի 10-ի՛ն, սկսում ենք Հայաստանում իշխանափոխության գործընթացը», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը շեշտեց, որ իրենց միասնական օրակարգը ամբողջական իշխանափոխությունն է:

ԲՀԿ-ն անդրադարձավ նաև տարբեր թեմաների, այդ թվում՝ շրջանառության հարկին վերաբերող փոփոխություններին, որոնք, ըստ իրենց, փոքր ու միջին բիզնեսը փորձում են տապալել:

«Ազատության» հետ զրույցներում իջևանցիները ասում էին, որ իսկապես արդեն ապրել չի լինում, պարտքերով են ապրում, վարկերի տակ են, և ուզում են, որ փոփոխություններ լինեն: Նրանց մի մասը դեռևս վստահում են իշխանություններին, մի մասն էլ ասում են, որ առանց այս իշխանությունների կարելի է այդ փոփոխությունները կատարել:

«Ազատության» հետ զրույցներում իջևանցիների մի մասն ասում էին, որ չնայած արգելքներին ու խոչընդոտներին՝ պատրաստվում են հոկտեմբերի 10-ին գալ մայրաքաղաք և մասնակցել եռյակի հանրահավաքին, իրենց բնորոշմամբ՝ «իշխանափոխության գործընթացին»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG