Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը՝ միակ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտո՞ր


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի թերևս միակ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորն է: Հայաստանում գիտական աստիճաններ շնորհող Բարձրագույն որակավորման հանձնաժողովում երկրորդ այսպիսի աստիճան ունեցողի չեն ճանաչում։

Մինչև գիտական աշխատանք ներկայացնելը՝ Խաչատրյանն ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանը՝ ստանալով տնտեսագետի դիպլոմ: Դրանից մոտ 20 տարի անց՝ այս տարի, ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական աշխատանքը, ինչի արդյունքում էլ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել։ Հայաստանում դոկտորի աստիճաններ են շնորհվում կա՛մ պատմաբանության, կա՛մ փիլիսոփայության ոլորտներում՝ առանձին վերցված, մինչդեռ երկուսը մեկում՝ սա մեր գիտական հանրության համար նորություն է։ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունում գրված չէ, թե նա ե՞րբ է ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը գիտությունների դոկտոր Սուրիկ Խաչատրյանի մասին միայն օրերս է լսել, այն էլ՝ մամուլից։

«Ինչո՞ւ է գրել տվյալ դեպքում ինքը՝ ես չգիտեմ, բնականաբար՝ պատասխանել չեմ կարող: Ես մի տարբերակ էլ ասացի, որ գուցե նա դրսում է պաշտպանել և, այնուամենայնիվ, այդ դիպլոմը ունի», - մեզ հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահը:

Պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը այս աստիճանը ստանալու համար 21 տարի կրթություն է ստացել, իսկ վերջին երկու տարիները գրադարաններում է անցկացրել, ինչի շնորհիվ էլ ստացել է դոկտորից մեկ աստիճանով պակաս՝ թեկնածուի աստիճան։

«Երբ ասացին՝ Սուրիկ Խաչատրյանը դոկտոր է, ասացի՝ կարծես թե ինչ-որ մի տեղ լսել եմ՝ նա թեկնածու է: Զրուցակիցներիցս մեկն էլ ասաց՝ թեկնածուն դու ես, ինքը դոկտոր է», - պատմում էր մեր զրուցակիցը:

Հարությունյանի խոսքով գիտական շրջանակներում «դոկտոր Խաչատրյանի» մասին, իհարկե, լսել են, բայց ամենևին էլ ոչ նրա գիտական գործունեության մասով:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի խոսքով վերջին տարիներին բազմաթիվ պաշտոնյաներ են ձգտում գիտական աստիճաններ ստանալ, մինչդեռ դրա իմաստը նրա համար անհասկանալի է: Դոկտորի կոչում ունեցող Արզումանյանը դա համեմատում է գիտնականին վաստակավոր դերասանի կոչում տալու հետ։

«Եթե պետական պաշտոնյան հանկարծ որոշում է դոկտոր դառնալ, պետք է նա դադարեցնի իր պաշտոնը ու գնա-զբաղվի իր գիտությամբ», - ասում է նա:

Կշարունակի արդյոք պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր Խաչատրյանը գիտական գործունեությունը, թե ոչ՝ պարզ չէ: Օրվա ընթացքում նրա հետ կապվելու մեր փորձերն ապարդյուն անցան՝ Խաչատրյանը պատճառաբանում էր, որ խորհրդակցության է և չի կարող հարցերի պատասխանել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG