Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի խորհրդարանի որոշումը


Թուրքայի տարածքից երևում է Սիրիայի Կոբանե քաղաքի կենտրոնից բարձրացող ծուխը, 3-ը հոկտեմբերի, 2014թ․

Թուրքայի տարածքից երևում է Սիրիայի Կոբանե քաղաքի կենտրոնից բարձրացող ծուխը, 3-ը հոկտեմբերի, 2014թ․

Թուրքական բանակի առաջին գործողությունը Սիրիայի տարածքում հնարավոր է դառնա քրդաբնակ Կոբանե քաղաքի պաշտպանությունը:

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի խորհրդարանի երեկվա որոշումը, որը բանակին թույլատրեց «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարելու համար զինված գործողություններ իրականացնել Սիրիայի ու Իրաքի տարածքներում:

Կառավարության ներկայացրած այդ առաջարկին Թուրքիայի 550-տեղանոց խորհրդարանում 298 պատգամավոր կողմ քվեարկեց, 98-ը՝ դեմ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ողջունել է քվեարկության արդյունքները՝ գնահատելով դա «շատ դրական զարգացում»:

«Մենք շարունակելու ենք խորհրդակցությունները Թուրքիայի կառավարության հետ, թե ինչպես իրականացնել ստացած լիազորությունները: Մենք դա շատ ենք ողջունում», - ասել է Չաք Հեյգելը:

Պետդեպարտամենտը ևս ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ջեն Փսաքին:

«Մենք բարձր մակարդակի բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Թուրքիայի պաշտոնյաների հետ՝ զարգացնելու մեր համագործակցությունը՝ պայքարելու համար «Իսլամական պետության» խմբավորումների սպառնալիքների դեմ Սիրիայում և Իրաքում», - ասել է Փսաքին:

Նա հավելել է, որ այդպիսով Թուրքիան ավելի նշանակալից դեր կխաղա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում՝ պայքարելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորումների դեմ:

Գեներալ Ջոն Ալենը, ով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ղեկավարն է, և նրա տեղակալ դեսպան Բրեթ ՄըքՔարկը այցելելու են տարածաշրջան, այդ թվում՝ Թուրքիա, քննարկելու ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվելիք գործողությունների պլանները:

Բացի այն, որ թուրքական բանակը թույլտվություն ստացավ գործել Սիրիայի և Իրաքի տարածքում, ևս մեկ կարևոր հանգամանք ընդգծում է Թուրքիայի նշանակալից դերակատարությունը:

Օտարերկրյա զինված ուժերը, տեղակայվելով Թուրքիայի ռազմակայաններում, օգտագործելով Թուրքիայի տարածքը, կարող են ռազմական գործողություններ կատարել «Իսլամական պետության» խմբավորումների դեմ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ասել է, որ Միացյալ Նահանգները այս պահին չի պլանավորում Սիրիայում բուֆերային գոտիներ ստեղծել, ինչի մասին ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Հեյգելն ասել է, թե Թուրքիայի կառավարության հետ բանակցությունները շարունակվում են, նշելով, որ բուֆերային գոտիներ ստեղծելու հարցում այս պահին պլաններ չկան:

Թուրքական բանակի առաջին գործողությունը հնարավոր է դառնա թուրք - սիրիական սահմանին գտնվող քրդաբնակ Կոբանե քաղաքի պաշտպանությունը: «Իսլամական պետության» ջիհադիստ խմբավորումները գրոհում են Սիրիայի հյուսիս-արևելքում հենց սահմանին գտնվող այդ քաղաքը: Հաղորդվում է, որ քաղաքի 150 հազար բնակիչներ անցել են Թուրքիա: Մոտավորապես երկու շաբաթ շարունակվող պայքարում իսլամիստ խմբավորումները սկսել են առավելություն ստանալ քաղաքը պաշտպանող քրդերի նկատմամբ: Ռմբահարումների հետևանքով Կոբանե քաղաքի կենտրոնից սև ծուխ է բարձրանում:

Երեկ երեկոյան՝ խորհրդարանի քվեարկությունից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե Թուրքիան ցանկանում է, որ Կոբանեն քրդական քաղաք մնա:

«Մենք չենք ցանկանում, որ Կոբանեն ընկնի: Դա կանխելու համար մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ», - ասել է Դավութօղլուն: - «Թուրքիան Սիրիայի քրդերի պաշտպանն է, այնպես ինչպես պաշտպանում է թուրքմեններին և արաբներին»:

Իսկ քրդական խմբերը երկար ժամանակ մեղադրում էին Անկարային իսլամիստ ջիհադիստներին աջակցելու մեջ, նաև պնդելով, որ Թուրքիան նրանց զենք է մատակարարել:

Կոբանեն անցյալ դարում Բեռլին - Բաղաղա երկաթգծի կայարաններից մեկն էր, արաբական անվանումը՝ Այն էլ-Արամբ: Wikipedia-ում նշված է, որ այստեղ հայկական գյուղ է եղել, 1915-ի ցեղասպանությունից փրկված հայերը այստեղ բնակավայր են հիմնել: Անցած դարի կեսերին Կոբանեում հայկական երեք եկեղեցի կար: Հայ բնակիչները անցյալ դարի 60-ականներին արտագաղթել են, մեծ մասը՝ դեպի Սովետական Հայաստան: Կոբանեն դարձել է քրդաբնակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG