Մատչելիության հղումներ

Նալբանդյանը այցելեց Սերբիա


Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարի հանդիպումը, Բելգրադ, 2-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարի հանդիպումը, Բելգրադ, 2-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Սերբիա, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, վարչապետ Ալեքսանդր Վուչիչի, առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի, այլ պաշտոնյաների ու խորհրդարանականների, ինչպես նաև Սերբիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Սերբիայի նախագահը ասել է, որ պաշտոնական Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։

Նալբանդյանը Նիկոլիչին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնել, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երևան նոր խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության ընդլայնման և խորացման համար։

Ընդգծվել է երկուստեք պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության ուղղություններով։

Սերբիայի վարչապետի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է, որ գործակցության ընդլայնման մեծ ներուժ գոյություն ունի։ Նալբանդյանը Ալեքսանդր Վուչիչին Հայաստանի կառավարության ղեկավարի անունից հրավիրել է այցելել Հայաստան։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը և Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։

Դաչիչը տեղեկացրել է Երևանում Սերբիայի դեսպանություն հիմնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։

Նալբանդյանը սերբ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Դաչիչը վերահաստատել է Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության և նրանց կողմից առաջարկված սկզբունքների և տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ պաշտոնական Երևանի դիրքորոշումը և ողջունել փոխընդունելի լուծումներ գտնելուն միտված երկխոսությունը Բելգրադի ու Պրիշտինայի միջև: Վուչիչը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Երևան։

Հանդիպումից հետո Սերբիայում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը և Սերբիայի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրել են Հայաստանի ԱԳՆ-ի Դիվանագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր։

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով։

Երեկոյան ավարտելով այցը՝ Նալբանդյանը վերադարձել է Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG