Մատչելիության հղումներ

Le Figaro. «Լուկաշենկոն հետզհետե սկսում է ընդունելի դառնալ»


Բելառուս - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Մինսկի հանդիպման ժամանակ, 26-ը օգոստոսի, 2014թ․

Բելառուս - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Մինսկի հանդիպման ժամանակ, 26-ը օգոստոսի, 2014թ․

Վաշինգտոնն ու Բրյուսելը կարծես թե գայթակղվել են բելառուսական խաղաքարտը մոսկովյան մեծ հարևանի դեմ օգտագործելու հեռանկարով, գրում է հեղինակավոր պարբերականը:

Ֆրանսիական Le Figaro թերթն իր էջերից մեկում անդրադառնում է, հոդվածագրի ձևակերպմամբ, Եվրոպայի վերջին բռնակալին՝ Բելառուսի նախագահին:

Ալեքսանդր Լուկաշենկոն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր երկիրն ազատվի պատժամիջոցներից, գրում է հեղինակավոր պարբերականը:

«Մինսկի բռնակալը, ով վաղուց հայտնի է որպես Եվրոպայի վերջին դիկտատոր, հետզհետե սկսում է ընդունելի դառնալ: Լուկաշենկոն դարձել է Ուկրաինայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման գլխավոր դերակատարներից մեկը: Այս ձեռքբերումը կարող է հնարավորություններ ստեղծել Բելառուսի չորս տարի շարունակվող դիվանագիտական մեկուսացումը թուլացնելու հարցում», - գրում է հեղինակը՝ շարունակելով․ - «Սակայն մարդը համեստություն է անում. նա հերքում է հայտարարություններն այն մասին, թե իբր ուկրաինական ճգնաժամում ինքը միջնորդի դերում է հանդես գալիս՝ նախընտրելով պարզապես լինել ընդունող կողմ»:

Հոդվածագիրը նշում է, որ Լուկաշենկոն բանակցությունների մասնակիցներին հատկացրել է շքեղ հյուրանոց, որտեղ էլ օգոստոսի 28-ին դրվել են հրադադարի հիմքերը:

«Ինձ խաղաղարարի տեղ դնելու անհրաժեշտություն չկա: Ես պարզապես արել եմ այն, ինչ խնդրել են մյուս նախագահները: Ես հասարակ մարդ եմ և իմ անձնական պատճառներն ունեմ: Ես սիրում եմ երեխաներին և տանել չեմ կարողանում, երբ նրանք արտասվում են», - խոստովանել է Լուկաշենկոն:

«Եվ սա ասում է մի մարդ, ով 2010-ի կեղծված ընտրություններից ի վեր անողոքաբար ճնշում էր ընդդիմությանը, ինչի արդյունքում իր և ևս 243 բելառուսական ղեկավարների մուտքն Արևմուտք արգելվեց: Բացի այդ, 32 ազգային ընկերություններ հայտնվեցին «սև ցուցակում»՝ նրանց էլ արգելվում է առևտրային հարաբերությունների մեջ մտնել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ», - գրում է հեղինակը:

Այս հնարամիտ քաղաքական գործիչն ամբողջ ուկրաինական ճգնաժամի ընթացքում հմտորեն գործի էր դնում նախընտրած դիվանագիտական գործելաոճը՝ խուսանավում էր Եվրամիության և Ռուսաստանի միջև: Լինելով բռնակալ՝ նրան հաջողվեց բնակչությանը զերծ պահել երկրում հնարավոր «Մայդանից»՝ միևնույն ժամանակ կես բերան քննադատելով Կրեմլին, ասվում է հոդվածում:

Հեղինակը նկատում է, որ Լուկաշենկոն ջանքեր է գործադրում Արևմուտքի առաջ իր վարկանիշը բարելավելու ուղությամբ՝ հույս ունենալով ձերբազատվել պատժամիջոցներից: Բելառուսը նաև հույս ունի օգտվել արևմտյան ներդրումներից, ինչպես նաև սնունդ արտահանել: Արևմուտքի պատասխանը երկար սպասել չտվեց: Սեպտեմբերին Մինսկ ժամանեց ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում էին Պենտագոնի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչները: Այցի նպատակն է ուսումնասիրել հնարավոր երկկողմանի համագործակցությունը փոխադարձաբար շահավետ ոլորտներում:

Այս խաղում Վաշինգտոնն ու Բրյուսելը կարծես թե գայթակղվել են բելառուսական խաղաքարտը մոսկովյան մեծ հարևանի դեմ օգտագործելու հեռանկարով, եզրափակում է պարբերականը:

XS
SM
MD
LG